Իսրայելին պատասխանելու համար Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի․ Իրանի ԱԳՆ
Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը իրացնելու համար․ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կոչը՝ ուղղված Իսլամական Հանրապետությանը՝ զերծ մնալ Իսրայելին պատասխան տալուց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է պաշտպանելու ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանային կայունությանը և զսպող մեխանիզմ ստեղծելու ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի դեմ տարածաշրջանում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրի իր անօտարելի իրավունքներից օգտվելու համար», – ասել է Քանանին:
Դիվանագետի խոսքով՝ Եվրոպական եռյակը «հայտարարության մեջ, որը ոչ մի կաթիլ առարկություն չի պարունակում Սիոնիստական ռեժիմի միջազգային հանցագործությունների վերաբերյալ (նկատի ունի Իսրայելը-խմբ. ՏԱՍՍ), լկտիաբար պահանջում է Իրանի Իսլամական Հանրապետությունից պատասխան եւ զսպող միջոցներ չձեռնարկել իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը խախտող ռեժիմի դեմ։ Եթե այդ երկրներն իսկապես ձգտում են խաղաղության և կայունության տարածաշրջանում, նրանք պետք է առանց որևէ վերապահման հանդես գան իսրայելական ռեժիմի սադրանքների և հակամարտության հրահրման դեմ, ինչպես նաև անհապաղ ավարտեն պատերազմը Գազայի հատվածի դեմ և վերջ դնեն Պաղեստինի կանանց, երեխաների և անպաշտպան բնակիչների սարսափելի սպանություններին», — ասել է Քանանին: