21 Սեպ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
20.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի շարք ակտիվիստներ դիմել են ՄԱԿ-ին՝ COP 29-ն Ադրբեջանում չանցկացնելու կոչով

Մի շարք ակտիվիստներ դիմել են ՄԱԿ-ին՝ COP 29-ն Ադրբեջանում չանցկացնելու կոչով

Մի խումբ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքական արտագաղթում գտնվող ադրբեջանցի ակտիվիստներ բաց նամակ են հղել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը՝ կոչ անելով ավտորիտար երկրներում կլիմայական գագաթնաժողովներ չանցկացնել։

Նրանք, մասնավորապես, նշել են, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանին տրվեց COP29-ը հյուրընկալելու արտոնությունը, երկիրը մեծացրել է ճնշումը քաղաքացիական հասարակության վրա՝ այն ամբողջությամբ վերացնելու համար։

COP29-ի անցկացումը Բաքվում արդեն հանգեցրել է հարյուրավոր իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունների Ադրբեջանում։ «Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը պետք է ապահովի, որ բոլոր հյուրընկալողները հարգեն մարդու իրավունքների միջազգային իրավունքը և չօգտագործեն այս ֆորումը որպես պատրվակ գրաքննության և քաղաքացիական հասարակության ճնշման համար: Մի քանի տարի է, ինչ ադրբեջանցի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բախվել են լուրջ սահմանափակումների, ինչպիսիք են լրատվամիջոցների գրանցման խիստ պահանջները, օտարերկրյա ֆինանսավորման արգելքը և խոսքի ու հավաքների ազատության սահմանափակումները:

Աճող ռեպրեսիվ միջոցները՝ զուգորդված ֆիզիկական և տնտեսական սպառնալիքներով, գրեթե անհնարին են դարձնում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության անկախ աշխատանքը»,- նշվել է կոչում։

Հեղինակների խոսքով՝ 2024 թվականի հուլիսի դրությամբ Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը կազմում է առնվազն 306 մարդ: