22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմտյան լուրջ կորպորացիաները, ՀԿ-ները չեն ցանկանում մասնակցել COP29-ին, ինչո՞ւ․ Աբրահամ Գասպարյան

Արևմտյան լուրջ կորպորացիաները, ՀԿ-ները չեն ցանկանում մասնակցել COP29-ին, ինչո՞ւ․ Աբրահամ Գասպարյան

Բաքվում կայանալիք COP29-ին մեծ քանակով մասնակցություն ապահովելու թուրք- ադրբեջանական պրոպագանդան բարձրակետին չի հասել։ Դեռ ժամանակ կա, և ադրբեջանական պետական մեքենան՝ հատկապես արտաքին քաղաքականություն իրականացնող մարմինները, շատ լուրջ աշխատանքներ են տանում։ ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

«Վերջին երեք ամիսներին ձեռքս պահում եմ այդ զարկերակին՝ տեսնելով, թե զուգահեռ ինչ շարժեր են տեղի ունենում։ Խնդիրը նեղ սեգմենտով դիտարկել պետք չէ․ օրինակ՝ Հայաստանը կմասնակցի՞ համաժողովին, թե՞ ոչ։ Իհարկե, Բաքուն քարոզչական մեքենան գործածում է, որպեսզի ամեն գնով ապահովի Հայաստանի ներկայությունը համաժողովին։ Այդպիսով կլեգիտիմացնի հետպատերազմական վիճակները։ Սակայն ամերիկյան ու եվրոպական լուրջ կորպորացիաներ, կազմակերպություններ արդեն հայտարարել են, որ չեն ցանկանում ներկայացուցչական մեծ մասշտաբով մասնակցել այս համաժողովին։ Ինչո՞ւ։ Ադրբեջանում բռնապետական կարգեր են գործում, անվտանգ չէ։ Բացի այդ՝ Ադրբեջանը թաթախված է ռեգիոնալ մի մեծ խաղի մեջ, որտեղ ռազմաքաղաքական որոշումների ինքնիշխանությունը միայն իրեն չի պատկանում։ Ադրբեջանը մի խաղի մեջ է, որտեղ հակաիրանական հնարավոր ալյանսի դեպքում գործ կունենանք Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, նաև ամերիկյան ոչ պետական կորպորացիաների հետ․ սա շատ կարևոր է։ Խոսքը դեռ չի վերաբերում Թուրքիայի լատենտ աջակցությանը»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։

Վերլուծելով աշխարհաքաղաքական իրադրությունը՝ Գասպարյանը նշում է, որ շատ բան կախված է երկու հանգամանքից․ ԱՄՆ ադմինիստրացիան Իրանի նկատմամբ ի՞նչ գործողություններ կփորձի որդեգրել կամ կգնա՞ բանակցությունների։

«Հիմա կասեք՝ ի՞նչ կապ ունի COP29-ը այս ամբողջի հետ։ Իրականում շատ ուղիղ կապ ունի, որովհետև Իրանի դերակատարումը տարածաշրջանում ինչ-որ տեղ կանխորոշելու է նաև ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը։ Նման կորպորացիաները հիմնականում Ամերիկայում դեմոկրատական իշխանությանը կամ վարչակազմին սատարողները շատ լուրջ մտավախություն ունեն՝ Թրամփի գալով կարող է փոփոխություններ լինեն։ Կամուկացի մեջ են՝ ներկայանա՞ն COP 29-ին, թե՞ ոչ»,- պարզաբանել է քաղաքագետը։

Բացի այդ՝ Ադրբեջանը լուրջ մտավախություններ ունի․ COP28-ը ԱՄԷ-ում շատ բարձր մակարդակով էր կազմակերպված՝ թե՛ ներկայացուցչականությամբ, թե՛ ներառականությամբ, թե կազմակերպվածությամբ։ Արևմտյան փորձագիտական կենտրոններն ասում են, որ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունները և ընձեռված հարթակը որպես քարոզչական տրամպլին է գործածելու։

«Քարոզչական թեմաներից մեկը Հայաստանի հետ հարաբերությունների և Արցախի օկուպացիան ամբողջությամբ լեգիտիմացնելու խնդիրն է լինելու։ Բուն բովանդակային քննարկումներից դուրս կարող են կազմակերպել այցելություն, դիցուք՝ Շուշի։ Այնտեղ կարող են այցելել Ադրբեջանին համերաշխություն հայտնած երկրները՝ ներկայացուցիչների միջոցով այցելեն այնտեղ։ Նույն Շուշին ոչ միայն մշակութային կենտրոն կարող են դարձնել, այլև բնապահպանական կենտրոն»,- ասել է Գասպարյանը։

Մինչդեռ Ադրբեջանում բնապահպանական աղետի մակարդակն այնքան բարձր է, որ «Anglo Asian Mining company»-ն թույլտվություն է տալիս Ադրբեջանին ամրաշինական աշխատանքներ կատարել՝ բարձրացնելով թափոնների ամբարտակի պատը։ Եթե այս ու մի շարք այլ խնդիրների մասին բնապահպանական կառույցները, քաղհասարակությունը շարունակի չխոսել, COP29-ը իրական աղետ կարող է դառնալ Հայաստանի համար՝ դառնալով տնտեսական ու քաղաքական լուրջ խնդիրների հենք։