
Լևոն Ալթունյանին պատկանող «ԷՖԵՍ»-ի խոշոր գործարքը. 940 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանից
Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող, մեկ տարի առաջ գրանցված «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ 940 մլն դրամի (939 627 220 ՀՀ դրամ) պայմանագիր է կնքել։
«Հետքը» գրում է, որ պայմանագիրը, ըստ Armeps համակարգի, կնքվել է երկու շաբաթ առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 1-ին։
«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն 796 մլն դրամի առողջապահական ծառայություններ պետք է մատուցի Երևանի քաղաքապետարանի (ներառյալ՝ Երևանի վարչական շրջանները) և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներին։ Ծառայությունները մատուցվելու են «Առողջապահության ապահովագրության» փաթեթով։
Փաթեթը ձեռք է բերվել հրատապ բաց մրցույթով։
Ծառայությունների մատուցումն ու դրանց համար վճարումները պետք է կատարվեն հինգ ամսվա ընթացքում՝ 2024-ի օգոստոս-դեկտեմբերին։ Ապահովագրության այս փաթեթը նախատեսված է 16 534 մարդու համար։
Մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը մանրամասն թվարկված է՝ տարեկան կանխարգելիչ հետազոտություններից մինչև շտապ և անհետաձգելի բուժօգնություն, ամբուլատոր բուժօգնություն և այլն։
Պայմանագրի գնի մնացած՝ 144 մլն դրամի վերաբերյալ մանրամասներ չկան։ Միայն նշված է, որ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կկնքվի լրացուցիչ համաձայնագիր։ Սա կարող է նշանակել, որ նշված գումարը դեռևս առկա չէ կամ դեռևս չի հաստատվել քաղաքապետարանի բյուջեով։
940 մլն դրամը ներառում է նաև հարկերն ու տուրքերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։