Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում Մահմուդ Աբասը ԱՄՆ-ն «ժանտախտ» է անվանել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ողջունել է թուրք ժողովրդի համերաշխությունը պաղեստինցիների հետ պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին և բարձր է գնահատել «Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը՝ պաղեստինյան գործը իր ջանքերի առաջնահերթություններում ներառելու համար»․ այս մասին գրում է Daily Sabah թուրքական հրատարակությունը։
Աբասի ելույթը, որը տևել է մեկ ժամից քիչ, հաճախ ընդհատվում էր օրենսդիրների և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծափահարություններով, ով Աբասի այցի առիթով ամառային արձակուրդից վերադարձել էր և մասնակցում էր խորհրդարանի հատուկ նիստին։
Աբբասը նախազգուշացրել է Իսրայելի կողմից հակամարտությունը ամբողջ Մերձավոր Արևելքում տարածելու փորձերի մասին ՝ վելելով, որ նրանք «թույլ չեն տա, որ սիոնիստները փորձեն վերահսկել Մերձավոր Արևելքը»։
Նախագահն ասել է, որ Գազան չի կարող դիտվել որպես առանձին միավոր և այն Պաղեստինի պետության մաս է, հավելելով, որ «Իսրայելի ցեղասպանությունն ուղղված էր ամբողջ պաղեստինյան պետության ոչնչացմանը»: Աբասն ասել է, որ «Իսրայելի ռազմական հանցագործներն անպատիժ չեն մնա»։
Աբասը քննադատել է ԱՄՆ-ին, որը նա անվանել է «ժանտախտ»՝ Իսրայելին ցուցաբերած «անխոնջ» աջակցության համար։ Նա ասել է, որ կաշխատի բոլոր պաղեստինցիների հետ՝ կանգնեցնելու Իսրայելի ագրեսիան, նույնիսկ եթե դա նշանակի «վտանգի ենթարկել սեփական կյանքը»:
Պաղեստինի նախագահը հայտարարել է, որ կայցելի Գազա և կրկնել, որ Գազան Հորդանան գետի Արևմտյան ափի և Երուսաղեմի հետ միասին պաղեստինյան պետության մաս է կազմում:
«Ես որոշել եմ գնալ Գազա պաղեստինյան ղեկավարության մյուս եղբայրների հետ», – ասաց Աբասը թուրք օրենսդիրների բուռն ծափահարությունների ներքո:
«Ես դա կանեմ: Նույնիսկ եթե դա արժենա իմ կյանքը: Մեր կյանքն ավելի թանկ չէ, քան երեխայի կյանքը։ Առանց Գազայի պաղեստինյան պետություն չի կարող լինել. մեր ժողովուրդը չի հանձնվի»,- հացելել է պաղեստինյան պետության ղեկավարը։