21 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
17.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի պետական այցը Բաքու կարող է մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից Ադրբեջանին․ միջազգային մամուլի ամփոփում

Պուտինի պետական այցը Բաքու կարող է մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից Ադրբեջանին․ միջազգային մամուլի ամփոփում

Քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի հիմնական նպատակները կապված են տնտեսական և, առաջին հերթին, էներգետիկ խնդիրների հետ: BBC Russian-ի հետ զրույցում նա նշել է, որ այցի ընթացքում կարող է ստորագրվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գազի փոխադրման նոր փաստաթուղթ։ «Հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի Ադրբեջան ռուսական գազի մատակարարման մասին՝ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման ծավալների ավելացման դիմաց»,- նշել է Ֆուադ Շահբազովը։

Նրա խոսքով՝ այս այցի մեկ այլ նպատակ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը։ Արևմտյան ինստիտուտները վերջին շրջանում ակտիվացել են երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու հարցում, և Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցության վերականգնմամբ։

Независимая Газета-ն  գրել է, որ ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում հարաբերությունները մնում են չափազանց բարդ։ Մասնավորապես, Մոսկվայի և Բաքվի միջև երկխոսության զարգացումը տեղի է ունենում Մոսկվայի և Երևանի միջև առնվազն դրա լճացման ֆոնին։ Փորձագետ Վադիմ Մուխանովի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությունն, առաջին հերթին, պայմանավորված է այն դերով, որը նա այժմ խաղում է տարածաշրջանում։

«Այսօր Մոսկվայի գլխավոր առաջնահերթությունն Ուկրաինան է։ Մյուս խաղացողներն, օգտվելով դրանից, ակտիվացրել են իրենց ջանքերը Հարավային Կովկասում»,- եզրափակել է Մուխանովը։

Коммерсант-ը չի բացառել, որ Պուտինի այցը Բաքու կարող է լինել նաև որոշակի ազդանշան հայկական կողմի համար։ Հայաստանն ու Ադրբեջանն այս պահին շարունակում են մնալ կոնֆլիկտային վիճակում։ Պուտինի պետական այցը Բաքու կարող է մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից մեկին, այն է՝ Ադրբեջանին։

EADaily-ին գրել է, որ Բաքվում, Ռուսաստանի ղեկավարի այցի վերաբերյալ կարծիքների լայն շրջանակ կա։ Այսպիսով, որոշ տեղական ընդդիմադիր քաղաքական գործիչներ ենթադրում են, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս ավելացած լարվածությունը կարող է «միտումնավոր սրվել Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կանխելու համար»: Սպասվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն տարածաշրջանային կայունության բարձրացմանն ուղղված հաջորդ քայլերը՝ հիմնված «3 + 3» ձևաչափի վրա։ Հայաստանին կարելի է հիմքեր տալ հավատալու Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ներքին ներուժին, որպեսզի նա դեպի Արևմուտք նայելու ավելի քիչ գայթակղություններ ունենա: