Թուրք-ադրբեջանական տանդեմը քաջություն է ստացել՝ կրկնելու ցեղասպան քաղաքականությունը՝ միջազգային հանրության լռության պատճառով․ Los Angeles Times
Վերջին հարյուրամյակի ընթացքում Թուրքիան օգտագործել է թղթի ուժը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, գրել է Հարվարդի համալսարանի դասախոս Թալին Մարտիրոսյանը՝ Los Angeles Times-ի համար։
Հեղինակի խոսքով՝ Թուրքիայի պատմության դասագրքերը երիտասարդ ուսանողներին սովորեցնում են, որ ցեղասպանություն չի եղել, կամ «թուրքերը զոհ են գնացել հայկական ագրեսիային՝ նրանց չթողնելով այլ ելք, քան իրենց դավադիր դավաճաններին թիրախավորելն էր»:
Բռնության այս պատմությունն այսօր կրկնվում է։ Այնուամենայնիվ, շատերը ոչինչ չգիտեն Կովկասում հայերի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումների մասին, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում սահմանափակ լուսաբանումները հաճախ խեղաթյուրում են ճշմարտությունը:
2020 թվականին, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանը սկսել է հայերի դեմ ուղղված վերջին ցեղասպանական արշավն, այս անգամ Արցախի տարածքում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ։
«Թեև այս ինքնավար մարզը բնակեցված և վերահսկվում էր հայերով, բայց ու՞մ էր պատկանում այդ հողը, վիճարկվում էր թղթի վրա։ Ադրբեջանն այս հողը իրենցն անվանելով՝ գլխատել է խաղաղ բնակիչներին, պայթեցրել է բնակելի թաղամասերը կասետային զինամթերքով: Նույնիսկ այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին հրադադար է հաստատվել, հարձակումները շարունակվել են, և լարվածությունը՝ սրվել։ Այնուհետև, սկսած 2022 թվականի դեկտեմբերից, Ադրբեջանն ապօրինի շրջափակման մեջ է գցել և սովի մատնել արցախցի տղամարդկանց, կանանց և երեխաներին՝ կտրելով սննդի, դեղորայքի և մարդասիրական օգնության հասանելիությունը։ Սեպտեմբերին՝ ինը ամիս հոգեբանական և ֆիզիկական տանջանքներից հետո, Ադրբեջանը ձեռնարկել է վերջնական հարձակումը՝ ստիպելով հանձնել շրջանը, իսկ հայ բնակչությանը՝ փախչել՝ այսպիսով էթնիկակապես մաքրելով Արցախն իր ժողովրդից։ Մինչ արցախահայությունը փաստագրում և կիսում էր իրենց զանգվածային գաղթի սարսափներով սոցիալական ցանցերում, սփյուռքի հայերը ականատես եղան իրական ժամանակում մեր նախնիների մահվան երթերի ժամանակակից կրկնությանը», – գրել է հոդվածագիրը՝ հավելելով, որ այդ ընթացքում միջազգային հանրությունը չկարողացավ անել ավելին, քան թղթի վրա արված հայտարարություններն էին, որոնք անհայտացան նախորդ արվա ընթացքում։
90-ականներին իր ռազմական կորուստից ի վեր Ադրբեջանը պետականորեն հովանավորվող մշակութային ջնջման արշավ է կիրառել, որը նման է Թուրքիայի մարտավարությանը: Ադրբեջանական գրականության մեջ Հայաստանի կամ հայերի մասին դրական հիշատակումները հանվել են։ Այժմ հայերի հետքերը մաքրվում են նաև Արցախից։
Այսօր Արցախի հայկական տարածքն այլևս գոյություն չունի թղթի վրա։ Արցախն իր տիրապետության տակ ունենալով՝ Ադրբեջանը մոտեցել է Թուրքիայի հետ ընդհանուր նպատակներին հասնելուն։ «Եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ միակ բանը, որ կանգնած է Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ թղթի և հողի վրա, Հայաստանն է և, ուրեմն, հայերը։ Այս երկրների պաշտոնյաները թուրքերին և ադրբեջանցիներին բնութագրել են որպես «մեկ ազգ, երկու պետություն», ինչը բացատրում է նրանց վաղեմի մտադրությունը՝ կապել իրենց ոչ հարակից սահմանները Հայաստանով տրանսպորտային միջանցք կառուցելով։ Սա ակնհայտորեն կխախտի Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը։ Այնուամենայնիվ, ԶԼՄ-ների անփույթ հաղորդագրությունների և միջազգային հանրության կողմից Ադրբեջանի բռնությունը չդատապարտելու պատճառով՝ այս դաշնակիցները քաջություն են ստացել՝ արհամարհելու հայ ժողովրդի և ազգի ամբողջականությունը», – նշվել է հոդվածում։