27 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրթիռները թե՛ գնման պահին, թե՛ այսօր կիրառման համար պիտանի են․ Դավիթ Տոնոյանը՝ մեղադրանքի մասին 

Հրթիռները թե՛ գնման պահին, թե՛ այսօր կիրառման համար պիտանի են․ Դավիթ Տոնոյանը՝ մեղադրանքի մասին 

Անվտանգության ապահովման հետ կապված մենք լուրջ խնդիր ունենք․ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա նշել է, որ պատրաստ է օգնել լուծել այդ հարցը։

«Ես թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանն ասում եմ՝ կարող եմ դրա մասնակիցը լինել, բայց ոչ քաղաքական նպատակներով»,- նշեց նա։

Խոսելով իր պաշտոնավարման ընթացքում անպիտան հրթիռներ ձեռք բերելու մեղադրանքի մասին՝ նախկին պաշտոնյան հույս է հայտնել, որ դրանց ստուգման համար նոր փորձաքննություն կանցկացվի։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թե՛ գնման պահին, թե՛ գնումից հետո, թե՛այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ շուրջ 3 տարվա կալանքից հետո Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ 

Տոնոյանը ձերբակալվել էր 2021 թվականի սեպտեմբերի 30֊ին։ Նրա հետ միասին ձերբակալվել էր նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափի հափշտակության համար։ Նույն գործով որպես մեղադրյալ անցնում են նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը: