21 Սեպ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ԵՄ առանց վիզային ռեժիմի ուղին․ երկիրը պետք է բարեփոխումներ կատարի չորս հիմնական ուղղություններով

ՀՀ-ԵՄ առանց վիզային ռեժիմի ուղին․ երկիրը պետք է բարեփոխումներ կատարի չորս հիմնական ուղղություններով

ԵՄ ԱԳ նախարարները հուլիսի 22-ին պաշտոնապես կանաչ լույս են տվել Եվրահանձնաժողովին՝ Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունը սկսելու համար: Բացի այդ՝ Հարավային Կովկասի հանրապետությունն առաջին անգամ 10 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ստացել Բրյուսելից Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում: ԵՄ դիվանագետները, որոնց հետ խոսել է Radio Free Europe/ Radio Libertyթղթակիցը, նշել են, որ երկու որոշումներն ազդարարում են Հայաստանի հետ ավելի սերտ գործակցության մասին, քանի որ երկիրը, կարծես թե, թուլացնում է իր քաղաքական և տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այդուամենայնիվ, ԵՄ անդամ երկրների կողմից վերջերս տրված կանաչ լույսը գործընթացի առաջին «մանկական» քայլն է։ Դա քաղաքական որոշում է, սակայն Եվրահանձնաժողովը ցանկանում է սկսել վիզաների ազատականացման երկխոսությունն արդեն այս աշնանը: Դա պայմանավորված է Եվրահանձնաժողովի ընթացիկ հնգամյա մանդատի վերջին փուլով: Դեկտեմբերին իր պարտավորությունները կստանձնի նոր հանձնաժողովը: Դա նշանակում է, որ ժամանակ չի կարելի կորցնել՝ սպասելով նոր թիմին: Երկխոսության մեկնարկից հետո հանձնաժողովը կաշխատի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) վրա։ 

Վերջինս ուղեցույց է, թե ինչ պետք է անի Հայաստանն՝ առանց վիզայի ռեժիմ ստանալու համար: Հայաստանն , ըստ էության, պետք է բարեփոխումներ կատարի չորս ոլորտում. առաջին հերթին՝ փաստաթղթերի անվտանգությունը, ներառյալ կենսաչափական անձնագրերի տրամադրման լիարժեք գործող համակարգը և բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստրը։ Բարեփոխումների երկրորդ բլոկը, թերևս, ամենադժվարն է ավարտին հասցնելու համար, քանի որ այն վերաբերում է միգրացիայի կառավարմանը և ապաստանների տրամադրմանը: Հայաստանը պետք է ապահովի խիստ կանոններ, երբ խոսքը վերաբերում է դաշինքում ապաստան խնդրած, բայց այն չստացած հայ քաղաքացիներին հետ ընդունելուն, և ապաստան հայցողներին ընդունելուն և տեղավորելու կարողությունների մեծացմանը: Երրորդ ոլորտը կոչվում է «հասարակական կարգ և անվտանգություն», բայց, ըստ էության, ներառում է կոռուպցիայի, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջոցներ: Չորրորդ և վերջին հարցը վերաբերում է հիմնարար իրավունքների երաշխավորմանը։