ԵՄ-ի երկակի ստանդարտները․ նավթագազային կախվածությունն Ադրբեջանից հանգեցնում է ռազմավարական շահերի և հիմնական արժեքների հակասելուն
Եվրոպական Միության մոտեցումը Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը բացահայտում է ռազմավարական շահերի, արժեքների և քաղաքական երկակի ստանդարտների համալիր ցանցը: Այս երկակի ստանդարտներն ակնհայտ են դառնում 2023 թ-ին Արցախում հումանիտար ճգնաժամին ԵՄ արձագանքների և Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության համեմատության շրջանակներում։ Ադրբեջանի հետ ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերությունը վճռորոշ դեր է խաղում հայ-ադրբեջանական հակամարտության հարցում նրա դիրքորոշման մեջ:
Օրինակ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քանի վիճահարույց քայլեր է կատարել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։ Հիմնական հակասություններից մեկը բխում է մինչև 2027 թվականն Ադրբեջանից գազի ներմուծումը կրկնապատկելու Եվրամիության համաձայնագրից, որը ֆոն դեր Լեյենը ստորագրել է 2022 թվականին: Այս գործարքը ԵՄ-ի՝ էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու ջանքերի մի մասն է՝ հատկապես Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության և դրան հաջորդած պատժամիջոցների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի լույսի ներքո։ Այն մտահոգություն է առաջացրել Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով, ինչի հետևանքով տեղահանվել է ավելի քան 100,000 հայ: Քննադատների պնդմամբ՝ ԵՄ-ն անտեսել է մարդու իրավունքները՝ առաջնահերթություն տալով էներգետիկ շահերին:
Թեև ԵՄ-ը ներգրավված է եղել միջնորդական ջանքերում՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական դիտորդներ ուղարկելը, կառույցի քայլերն անբավարար են եղել՝ հաշվի առնելով, օրինակ՝ 2023-ի լարվածությունը և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը: Նույն թվականին ԵՄ-ը փորձել է ավելի ակտիվ դեր ստանձնել հայ-ադրբեջանական բանակցություններում և դրանցից ու, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասից դուրս մղել ՌԴ-ին։
Եվրախորհրդարանի պատգամավորները, թեև կոչ են արել վերագնահատել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները, ճնշում գործադրել պատժամիջոցների և գազի ու նավթի ներկրման հնարավոր կասեցման միջոցով, այդուամենայնիվ, ոչ մի էական քայլ այդ ուղղությամբ չի իրականացվել: Եվրահանձնաժողովը՝ ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ, խուսափել է ցանկացած քայլից, որը կարող էր վտանգել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը։ ԵԽ-ի ջանքերը լիովին չեն ընդունվել ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, որոնցից շատերը հզոր էներգետիկ կապեր ունեն Բաքվի հետ: Այնպիսի երկրներն, ինչպիսիք են Իտալիան, Հունգարիան և Ավստրիան, դիմադրում են նման միջոցներին, քանի որ կախված են ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներից:
Օրինակ՝ Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարարության տվյալների համաձայն, 2023թ-ին Ադրբեջանն Իտալիա է մատակարարել մոտ 11,3 մլն տոննա նավթ, ինչը 25%–ով ավելի է, քան 2022 թվականին։ 2024 թվականին Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանում շտապել են հայտարարել՝ «Իտալիայի վարած քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի որոշ եվրոպական երկրների, հատկապես՝ Ֆրանսիայի համար»։
Հունգարիան, իր հերթին, աչքի է ընկել «հայանպաստ քայլերի» արգելափակմամբ։ Օրինակ՝ 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն պետք է տարածեին, սակայն Հունգարիան արգելափակել է այն։ Իսկ 2024-ի ապրիլին երկիրը փորձել է արգելափակել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը։ Այս անգամ, այդուամենայնիվ, ԵՄ-ն, արդեն հուլիսին, ընդունել է Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում ՀՀ Զինված ուժերին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու առաջարկը։ Սակայն վերջինս անարձագանք չի մնացել Բաքվում և ՌԴ-ում՝ «ԵՄ-ը և Ֆրանսիան փորձում են խաթարել Հարավային Կովկասում առանց այն էլ փխրուն կայունությունը» մեկնաբանություններով։
Այս համատեքստում հարկ է հավելել նաև, որ Արցախյան երկրորդ պատերազմը բեկումնային էր նաև ՀՀ աշխարհաքաղաքական ուղեծրի առումով։ Պատերազմում պարտությունից հետո երկրի իշխանություններն ակնհայտորեն որդեգրել են արևմտյան ուղին՝ ամենաբարձր մակարդակով մեղադրելով Պուտինին և ՀԱՊԿ-ին ժամանակին չարձագանքելու համար։ Հայ-ռուսական հարաբերություններում օրեցօր նկատվում է լարվածություն, իսկ Երևանի գործունությունը ՀԱՊԿ-ում դե ֆակտո կասեցված է։ ՀՀ պաշտոնյաններն, ըստ իրենց իսկ պնդումների, փորձում են դիվերսիֆիկացնել երկրի պաշտպանական և տնտեսական ոլորտները։ Մասնավորապես, ՀՀ-ն և ԵՄ անդամ Ֆրանսիան կնքել են զենքի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր՝ այդ թվում CAESAR հրետանային համակարգի գնման մասին։
Մինչ ԵՄ-ը Բաքվի աչքերում կորցնում է վստահելի միջնորդի դերը, իսկ ՀՀ-ն՝ օր օրի վատթարացնում հարաբերությունները ՌԴ-ի հետ, Պուտինը շտապել է Հարավային Կովկասում իր «նոր ամենամոտ ռազմավարական գործընկերոջ՝ Ալիևի» մոտ՝ ըստ փորձագետների՝ նախևառաջ ելնելով տնտեսական նկրտումներից, ապա՝ տարածաշրջանում իր դերի վերականգնման համար։ Այդուամենայնիվ, առկա պատժամիջոցների ֆոնին,
Պուտինն ավելի ու ավելի է կախված այնպիսի երկրներից, ինչպիսին Ադրբեջանն է՝ համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ ԵՄ, մուտք գործելու համար:
Ու թեև ԵՄ-ը ՀՀ ԶՈՒ-երին տրամադրել է որոշակի աջակցություն կամ կանաչ լույս է վառել ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար, այն շարունակում է նավթագազային կախվածության մեջ մնալ Ադրբեջանից։
Այսպիսով՝ Եվրոպական միության ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում ընդգծում է հետևողական արտաքին քաղաքականություն վարելու մարտահրավերները մի տարածաշրջանում, որտեղ ռազմավարական շահերը հաճախ հակասում են հիմնական արժեքներին: Քանի որ իրադարձությունները շարունակում են զարգանալ, այս բարդ իրավիճակում ԵՄ-ի կողմնորոշվելու կարողությունը վճռորոշ կլինի Հարավային Կովկասում նրա ազդեցության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում նրա դերի որոշման համար: