Ադրբեջանը, ԵԽԽՎ պատգամավորներին «անցանկալի անձ» կոչելով, ցույց է տալիս, թե որքան հեռու է քաղաքակրթությունից․ Նաիրա Կարապետյան
ԵԽԽՎ-Ադրբեջան հարաբերությունները նոր չեն լարվել, այդ սրվածությունը պարբերաբար զգացվում էր, բայց 2024 թվականին ընդունված որոշումից հետո ակնհայտորեն վատ են։ ABC media-ի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախկին անդամ Նաիրա Կարապետյանը։
«Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սառեցնելու նախագիծ է ներկայացրել Գերմանիայի պատվիրակության նախագահ Ֆրանկ Շվաբեն։ Նա բավականին հարգված գործիչ է, որին Ադրբեջանը բնութագրում է ամենավերջին, ոչ եթերային բառերով։ Որոշումը կայացնելուց հետո Ալիևը սպառնացել էր ԵԽԽՎ-ին` հետ ընդունել որոշումը, այլապես կլքեն ԵԽԽՎ-ի շարքերը մեկընմիշտ։ Այդ հայտարարությունից ամիսներ են անցել, բայց ինչպես տեսնում եք, Ադրբեջանը ոչ մի գործուն քայլ այդ ուղղությամբ չի կատարել։ Հակառակը՝ նրանք այդ հայտարարությամբ ևս մեկ անգամ ի ցույց են դնում՝ ինչքան հեռու են քաղաքակրթությունից»,- ասել է Կարապետյանը։
Ադրբեջանը օրերս ակտիվացրել էր ԵԽԽՎ-ի դեմ քայլերը՝ «անցանկալի անձ» համարելով բոլոր այն պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները դադարեցնելու որոշումը։ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը դատապարտել էր Ֆրանկ Շվաբեն։
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին լիազորություններից զրկել էր՝ պատճառաբանելով նաև Արցախում իրականացրած գործողությունները։ Սակայն այստեղ անմասն չէ տնտեսական գործոնը։ Ադրբեջանը պատեհ-անպատեհ խոսում է ունեցած ռեսուրսների մասին, խոսում է նաև Եվրոպայի՝ Բաքվից կախվածության մասին, ինչը «դուր չի գալիս» ԵԽԽՎ-ին՝ ասում է Կարապետյանը։
«Ադրբեջանը նաև, այսպես կոչված, սևացնում է ԵԽԽՎ-ի հեղինակությունը, ոչ մի որոշում չի կատարում, այլ հակառակը՝ կաշառում է պատգամավորներին՝ Բաքվի օգտին լոբբինգ իրականացնելու համար»։
Ստեղծված իրավիճակից պետք է Հայաստանը օգտվի՝ ամրապնդելով դիրքերը վեհաժողովում։ Հայաստանը պետք է միջազգային հանրությանը անընդհատ ներկայացնի Ադրբեջանի իրական դեմքը։
«Բաքուն 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Արցախի ռազմաքաղաքական գերիներին, նախորդ պատերազմներում գերեվարվածներին է ապօրինի պահում։ Հայաստանը պետք է ԵԽԽՎ-ին, միջազգային կառույցներին ստիպի պատժել Ադրբեջանին, զրկել միջազգային կառույցներին անդամակցելու մանդատից, ավելացնի հայտերը միջազգային դատարաններում, նյութական և հոգեկան վնասները բարձրաձայնելով՝ ստիպի փոխհատուցել այն։ Հավատացեք՝ ամբողջ լծակները կան, կիրառող չկա»։
Ըստ Կարապետյանի՝ ընձեռված հնարավորությունները չեն կիրարկվում գործող իշխանության օրոք և չեն էլ կիրարկվի։ Ակնկալիքները անիմաստ են, ասում է Կարապետյանը։
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն 76 կողմ ձայնով ընդունեց որոշում՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները դադարեցնելու մասին։ Բաքուն COP29-ին ընդառաջ արգելել է այդ որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների մուտքը Ադրբեջան։
Քայլը ԵԽԽՎ պատգամավորները դատապարտել են։