Արցախում պատերազմից հետո Ալիևը նոր թշնամու կարիք ունի.The Economist
Ադրբեջանցի երիտասարդ ակադեմիկոս և գրող Բահրուզ Սամադովը ձերբակալվել է օգոստոսի 21-ին։ Դրանից հետո նրան մեղադրանք է առաջադրվել դավաճանության մեջ, ըստ տեղեկությունների, քանի որ նա քննադատական հոդվածներ է գրել Հայաստանի հետ երկրի հակամարտության մասին, հայտնում է The Economist-ը:
Նրա ձերբակալությանն արագ հաջորդել է մեկ այլ խաղաղության ակտիվիստ Սամադ Շիխիի ձերբակալությունը: Նրանք երկրում մնացած մի քանի անկախ ձայներն էին՝ կոշտ և աճող բռնաճնշումների ֆոնին:
Ձերբակալությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 1-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին, որոնցում կրկին գերիշխելու է իշխող կուսակցությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։ Ոչ ոք չի ակնկալում, որ քվեարկությունն ազատ կլինի: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը բոյկոտում է դրանք: Ադրբեջանի ընդդիմությունը վաղուց հույս ուներ, որ երկիրը կբացվի Հայաստանի հետ պատերազմի ավարտից հետո: Լավատեսները պնդում էին, որ ավտորիտար համակարգը պատերազմի արդյունքն էր:
Սակայն 2020-2023 թթ պատերազմն Ալիևին ավելի է ուժ տվել իր թշնամիների հետևից ընկնելու համար: Մյուս կողմից՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեց Եվրամիությանն այդքան անհրաժեշտ բնական գազ տրամադրելու մասին: ԵՄ-ը տեսականորեն մարդու իրավունքները դնում է իր արտաքին քաղաքականության հիմքում: Իսկ նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կանցկացվի COP29 կլիմայական գագաթնաժողովը։ Այնուամենայնիվ, բռնաճնշումները շարունակում են:
Անցյալ տարեվերջին «Աբզաս Մեդիա» հետաքննական լրատվական կայքի մի քանի լրագրողներ ձերբակալվեցին և մեղադրվեցին ֆինանսական հանցագործությունների շինծու մեղադրանքներով. նրանք դեռ ճաղերի հետևում են։ Մեկ այլ հայտնի քաղաքական ակտիվիստ՝ Անար Մամեդլին, ձերբակալվել է ապրիլին և մեղադրվել նմանատիպ կեղծ հանցագործությունների համար: Այժմ հերթը Սամադովին ու Շիխիինն է։ Անկախ այն բանից, թե արտաքին աշխարհը ժամանակին Ադրբեջանի վրա ազդելու համար ինչ լծակներ ուներ, դրանք այժմ անհետացել են,քանի որ երկիրը խորապես ներգրավվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև սրվող հակամարտության մեջ:
«Ալիևը կարծում է, որ կարող է ավելի ու ավելի առաջ մղել կարմիր գծերը, քանի որ բոլորն այժմ նրա կարիքն ունեն», – նշել է Բաքվի հետազոտական ինստիտուտի ղեկավար Ալթայ Գոյուշովը:
«Նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները նրա հետ»:
Հայաստանին ռազմական ճանապարհով հաղթելը նշանակում է, որ պարոն Ալիևը նոր թշնամու կարիք ունի.«Թշնամին` ներքին, թե արտաքին, պետք է վերացնել»: