Շատերը ենթադրում էին, որ «Ղարաբաղի հարցի» լուծումը, որը վերջ կդնի հետխորհրդային աշխարհի ամենաերկար սառեցված հակամարտությանը, կարող է Բաքվում ժողովրդավարական ազդակներ ի հայտ գալու հնարավորություն տալ, նույնիսկ եթե Ալիևը մնա իր տեղում, գրել է RFE/RL-ն:
Սակայն փետրվարին 62-ամյա Ալիևի վերընտրվելու համար որևէ «իրական այլընտրանքի» բացակայությունը, Բաքվի և ԵԽԽՎ-ի բախումը, և Մոսկվայի վերջին խրախուսումը և ԲՐԻՔՍ-ին միանալու ցանկությունն այլ բան են հուշում: Բաքվի խիստ վերահսկվող վերլուծական հանրությունը սովորաբար Ալիևի վերջին քայլերը նկարագրում է որպես «անկախ արտաքին քաղաքականություն»:
Անցյալ տարվանից ի վեր լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումները համեմատվում են մեկ տասնամյակ առաջ բանտարկությունների և ոտնձգությունների տխրահռչակ շղթայի հետ, միայն՝ ավելի լայն:
«Թվում է, թե այն բոլորին մաքրելու փորձում է», – RFE/RL-ի հետ զրույցում նշել է Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջկառավարական միջազգային ինստիտուտի խորհրդական Մայքլ Ռունին: Նրա խոսքով՝ «սա իսկապես նշան է մի կառավարության, որը փորձում է վերացնել հասարակության ցանկացած անկախ կազմակերպություն»:
Ավելին, այս խորհրդարանական ընտրություններում իրենց հայրերին փոխարինելու են գալիս նրանց զավակները՝ ադրբեջանական էլիտաների մի ամբողջ նոր սերունդ, որը հնազանդվում է Ալիևին և նրա համակարգին: Սեպտեմբերի 1-ի քվեարկության թեկնածուների թվում են եղել Սամիր Ահմադօղլու Վալիևը, ով նախկին պատգամավոր և համալսարանի ռեկտոր Ահմադ Վալիևի որդին է, Մահիր Թահիրօղլու Սուլեյմանլին՝ ազդեցիկ նախկին պատգամավոր Թահիր Սուլեյմանովի որդին, և Գյունայ Ագամալին, ով հավակնում է փոխարինել իր հորը՝ Ֆազայիլ Ագամալիին՝ մոտ 30 տարվա խորհրդարանական վետերանին: