ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերջնական տարբերակը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին հղումով։
Նրա խոսքով՝ համապատասխան տեղեկությունը հայտարարել է կիրակի՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ամերիկացի քաղաքացիների ընտանիքների հետ առցանց հանդիպման ժամանակ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
Բայդենը ծրագրում է երկուշաբթի ազգային անվտանգության թիմի հետ քննարկել այս ոլորտում ջանքերը, նշել է Axios-ը։
Սպասվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեկ շաբաթ ժամանակ կունենան Բայդենի նոր առաջարկին արձագանքելու համար։ Ըստ պորտալի՝ Սալիվանը, ինչպես նաև Սպիտակ տան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը ՀԱՄԱՍ-ի պատանդների ընտանիքի անդամներին ասել են, որ իրենք «չգիտեն՝ արդյո՞ք գործարք կկատարվի»: Միաժամանակ նրանք ընդգծել են, որ դրա շանսերը պահպանվում են, և գնահատական են տվել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել։