Բաքուն դարձել է Մոսկվայի գլխավոր դաշնակիցը Հարավային Կովկասում. Մարկով
Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դրական ազդեցություն կունենան Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, NEWS.ru-ի հետ զրույցում վստահություն է հայտնել Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։
Նրա խոսքով` այն բանից հետո, երբ Հայաստանը թեքվեց դեպի Արևմուտք, Բաքուն դարձավ Մոսկվայի գլխավոր դաշնակիցը Հարավային Կովկասում։
«Միլլի Մեջլիսի պատգամավորները գտնվում են նոր քաղաքական պայմաններում, երբ ինտենսիվ մերձեցում է նկատվում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Օգոստոսին նախագահ Պուտինի պետական այցը Բաքու նշանավորեց նոր քաղաքական իրողություն։ Ներկայումս Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը Հարավային Կովկասում Ադրբեջանն է, այլ ոչ թե՝ Հայաստանը», – հայտարարել է Մարկովը՝ պնդելով, թե Արևմտյան երկրները նույնպես հայամետ դիրքորոշում ունեն, և Բաքուն դա հասկանում է։ Խորհրդարանի կազմը ձևավորվում է Ռուսաստանի հետ մտերմությունը շարունակելու մտադրության հիման վրա։
Հիշեցնենք, որ երկրի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով Միլլի Մեջլիսում (խորհրդարան) ստացել է 125 մանդատներից 68-ը։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27%: Ադրբեջանում ընտրողների մասնակցության շեմ չկա, և ընտրությունները կայացած են ճանաչվում՝ անկախ ընտրողների թվից։