15 տարի դասավանդելուց հետո Աբրահամ Գասպարյանին հեռացրել են ԵՊՀ-ից
ԵՊՀ ղեկավարությունն ինձ հեռացրեց իմ հարազատ համալսարանից․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
«Կյանքիս լավագույն 25 տարին անցկացրել եմ համալսարանի պատերի տակ, միջանցքներում, գրադարանում, լսարաններում, զբաղվել իմ մասնագիտությամբ՝ քաղաքագիտությամբ և միջազգային հարաբերություններով, սովորել, կրթվել ու կրթել եմ, աշխատել՝ պայծառ, խելացի ու հայրենասեր սերունդների հետ, գիտելիք, փորձ ու հմտություններ տվել, իրենցից սովորել, շատերի հետ ընկերացել, հարգանք վաստակել, առինքնող հպարտությամբ ուրախացել նրանց միջազգային հաջողություններով, հետևողական եղել՝ մարդ, հայ ու մասնագետ դառնալու գործում:
ԵՊՀ ղեկավարությունն այս տարի ընդհատեց Մայր բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իմ 15-ամյա գիտամանկավարժական/դասախոսական առաքելությունը»,-գրել է նա:
Աբրահամ Գասպարյանը նշել է, որ հեռացման հիմնավորումների քողի տակ ներկայացված պատրվակներն անհիմն են, տգետ, անարժանապատիվ:
«Պատճառը հստակ է՝ քաղաքական. բոլոր նրանք, այդ թվում՝ իմ տարիների գործընկերները, որոնք ընկան այս անհեռատես ու հիմար որոշման թրի տակ, տարիների փորձ ու գիտելիք ունեցող, հայրենիքի գաղափարը չէժանացնող ու չվաճառող արհեստավարժ դասախոսներ են (մոտ՝ մեկ տասնյակ), որոնք համարձակությունն են ունեցել պայքարելու՝ ազատ ու արդար պետություն ունենալու: ԵՊՀ ղեկավարության փորացավն այդ պրոֆեսիոնալների և ուսանողների ուղիղ՝ լսարանային կապն ընդհատելն է, ոչ ավելին: Անձամբ հետամուտ եմ լինելու այս որոշման դեմ պայքարելու և իմ դասախոսական կարգավիճակը վերականգնելու գործում»,-գրել է Աբրահամ Գասպարյանը: