22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի այցն Ադրբեջան․ ո՞րն է նպատակը

Պուտինի այցն Ադրբեջան․ ո՞րն է նպատակը

Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով Բաքվում էր, որտեղ հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։ Այդ հանդիպումից 1 օր անց էլ Բաքուն հայտարարեց, որ պաշտոնապես դիմել է ԲՐԻՔՍ-ին միանալու մասին։

Մինչ այդ էլ ՌԴ պաշտպանության նախկին նախարար և ներկայումս էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն էր Թեհրան կատարած այցից անմիջապես հետո մեկնել Բաքու։

Որոշ տեսաբանների կարծիքով՝ Պուտինի՝ Բաքու այցի հիմնական նպատակը կապված է եղել տնտեսական և էներգետիկ խնդիրների հետ։ Ըստ այդ տեսաբանների՝ Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցներով պայմանավորված՝ մեծանալու է Պուտինի կախվածությունը այնպիսի երկրներից, ինչպիսին Ադրբեջանն է՝ համաշխարհային շուկա մուտք գործելու համար։ Բացի այդ, նրանք հավանական են համարում, որ Մոսկվան Բաքվի հետ փորձում է Ադրբեջան ռուսական գազի մատակարարման մասին համաձայնագիր կնքել։ Դա հնարավորություն կտար Ռուսաստանին իրացնել իր գազի ավելցուկը, որը պատժամիջոցների պատճառով չի կարող արտահանել Եվրոպա։ Իսկ Ադրբեջանն էլ կկարողանար մեծացնել այդ նույն Եվրոպա, իր սեփական գազի ծավալները՝ փոխարենը ռուսական գազը օգտագործելով  ներքին սպառման շուկայում։ Այս տեսակետը կարող էր իրատեսական լինել, եթե Ռուսաստանն, իրոք, գազի և նավթամթերքի իրացման խնդիր ունենար։ Իրենք՝ արևմտյան պաշտոնյաները, խոստովանում են, որ Ռուսաստանը քիչ է զգում պատժամիջոցների ազդեցությունը, քանի որ Ասիայում Չինաստանը, Հնդկաստանը և մեծ թվով այլ աճող տնտեսություններ պատրաստ են գնել Ռուսաստանից նախկինում Եվրոպայի համար նախատեսված վառելիքի ավելցուկը։ Բացի այդ, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վաղուց գոյություն ունի գազի մատակարարման համաձայնություն։ Ուստի, կողմերը մեկ զանգով կարող էին պայմանավորվել այդ գազի ծավալների մեծացման մասին։ Դրա համար անհրաժեշտություն չէր առաջանա, որպեսզի Ռուսաստանի նախագահը մեկ ամբողջ օր ծախսեր Բաքու այցելության համար, այն էլ՝ Ռուսաստանի համար այս բարդ ժամանակահատվածում, երբ ուկրաինական ուժերին հաջողվել է ներթափանցել բուն ռուսական տարածքներ, և ատոմակայանի գրավման վտանգ է առաջացել։ Վերլուծաբանների մեկ այլ հատված էլ, Պուտինի այցելությունը Բաքու, պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներում Մոսկվայի հետաքրքրվածությամբ։ Ըստ այս տեսաբանների՝ Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ստեղծվելիք ճանապարհային կապը, որն անցնելու է Հայաստանով, բայց պաշտոնական Երևանը դեմ է դրան։ Խոսքն, ըստ էության, «Զանգեզուրի միջանցքի» կամ «Միջին միջանցքի» մասին է, որը թուրք-ադրբեջանական տանդեմը և Արևմուտքը փաթեթավորում են ներկայիս իշխանությունների վզին։ Այստեղ օրինաչափ հարց է առաջանում, իսկ ի՞նչ կտար Պուտինին Բաքու այցելությունը։ Ի՞նչ է, Բաքվում կարո՞ղ էին ինչ-որ կերպ համաձայնել, որ Մոսկվան վերահսկի վերոհիշյալ միջանցքը։ Իրականում ոչ, նախ և առաջ, այն պատճառով, որ Ադրբեջանը դրանից կարող է տուժել։ Ռուսները, վերահսկելով միջանցքը, կարող էին դա, որպես լծակ օգտագործել Բաքվի դեմ։ Եվ հետո, Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունի ընդհանուր շահեր Թուրքիայի և, ինչու չէ, Արևմուտքի հետ։ Վերջիններս ի վիճակ են կիրառել գործիքակազմ, որպեսզի թույլ չտային Բաքվին Մոսկվայի հետ նման քայլի գնալ։ Այսպիսով, թեև տեսականորեն, ռուսները ունեն շահագրգռվածություն «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցում, սակայն, գործնականորեն, հիմա նրանք կորցրել են բոլոր հնարավորությունները այդ հարցում իրենց շահը առաջ տանելու համար։ Այնպես որ, բոլոր այն պնդումները, որ Ռուսաստանի նախագահի այցելությունը Բաքու կարող էր պայմանավորված լինել «Զանգեզուրի միջանցով», անտրամաբանական են և չեն բխում ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից։

Միակ հանագամանքը, որ կարող է ադեկվատ բացատրություն տալ Ռուսաստանի համար այս դժվարին օրերին Պուտինի այցելությանը Բաքու, անվտանգային գործոնն է։ Ինչպես արդեն նշեցինք, նախքան ՌԴ նախագահի այցը Բաքու էր գնացել ներկայումս արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն։ Մինչ այդ էլ, նա այցելել էր Իրանի մայրաքաղաք Թեհրան և ունեցել պաշտոնական հանդիպումներ։ Դա տեղի էր ունեցել Թեհրանում Իսրաելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից մեկ շաբաթ անց։ Ըստ էության՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունները սկզբում Թեհրան, ապա Բաքու, կապված է եղել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության հնարավոր սրման հետ։ Մոսկվայի մտահոգությունն այս պարագայում կարող էր պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Իսրաել-Իրան հնարավոր բախման ժամանակ Ադրբեջանը թաքնված աջակցություն կարող էր ցուցաբերել Իսրայելին։ Ինչը և անմիջապես կհանգեցներ Թեհրանի պատասխան գործողություններին։ Այս պարագայում, գլոբալ կոլֆլիկտի առաջացման լուրջ նախապայմաններ կստեղծվեին, ինչին կարող էին միանալ Թուրքիան և մի շարք այլ երկրներ։ Սրանից անմասն չէր կարող մնալ նաև Ռուսաստանը, որն արդեն իսկ ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ։ Եվ, հենց այս պատճառով էլ Մոսկվան ստիպված եղավ քայլեր ձեռնարկել իր հարավային սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելու համար։   Սկզբում Շոյգուն մեկնեց Իրան, վարեց բանակցություններ և Իրանից համապատասխան ուղերձներով եկավ Բաքու։ Ինչից հետո Բաքվում որոշակի դրական տեղաշարժ եղավ՝ հօգուտ չեզոքության, ապա տեղի ունեցավ նախագահ Պուտինի այցը, որպեսզի վերջնականապես ավարտին հասցվի Շոյգուի ձեռք բերած նախնական համաձայնությունները։ Այստեղ չպետք է բացառել, որ երբ Իսրայելը հապճեպ որոշում կայացրեց Արցախում տեղակայված իր զորքերը դուրս բերելու մասին, դա պայմանավորված էր, ոչ այնքան այն հանգամանքով, որ Գազայում ուժերի պակաս ունի, ինչպես ասվում էր տարբեր լրատվականներում, այլ իրականում, հավանականութունը մեծ է, որ Թեհրանը և Մոսկվան, համագործակցելով, «խաղաղասիրություն և չեզոքություն» էին սերմանել Ադրբեջանում։

Այսպիսով, ի հակառակ ներկայիս իշխանութույնների տարածած այն թեզերին, որ ռուսները հեռանում են տարածաշրջանից, Մոսկվան շարունակում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում լուրջ գործոն լինել և անվտանգային խնդիրներ լուծել։ Սրանից, իհարկե, այս իշխանությունները հետևություններ չեն անի, սակայն եկել է ժամանակը, որպեսզի  հայ հանրությունը գիտակցի, որ տարբեր հասարակական շերտերում տարածվող ապատեղեկատվությունը  և իռացիոնալ թշնամանքը ի վերջո մեծ վնաս են հասցնելու Հայաստանի պետական շահին։

Աշոտ Բարեքյան