Հեռավոր Արևելքում ենթակառուցվածքների զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է , որ հեռանկարային է համարել Հեռավոր Արևելքում ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) կառուցումը․ այս մասին տեղեկացնում է Известия -ն։
«Եթե մենք այլ երկրներում այդքան շատ օբյեկտներ ենք կառուցում և նաև մեծապես ֆինանսավորում ենք այդ օբյեկտները, ապա պետք է համապատասխան ծրագրեր իրականացնենք նաև երկրի ներսում ատոմային էներգիայի արտադրության ավելացման համար։ Եվ երբ ես խոսում եմ ատոմային էլեկտրակայանների մասին, նկատի ունեմ նաև Հեռավոր Արևելքի տարածաշրջանը։
Հեռավոր Արևելքում անհրաժեշտ է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները՝ հաշվի առնելով էներգիայի պահանջարկի աճը տարածաշրջանում: Մինչև 2030 թվականը այն կաճի տարեկան մոտ 5%-ով, ինչը երկու անգամ գերազանցում է միջին ցուցանիշը ողջ երկրում», -նշել է Պուտինը։
Ավելի վաղ Հեռավոր Արևելքի զարգացման վերաբերյալ նախագահին զեկուցել են, որ հիմնական տնտեսական ցուցանիշները, այդ թվում՝ կապիտալ ներդրումները, շինարարական աշխատանքների ծավալները և արդյունաբերական ակտիվությունը, զգալիորեն գերազանցում են համառուսական միջին մակարդակը: Վերջին 10 տարիների ընթացքում տարածաշրջանը ստացել է 4,2 տրիլիոն ռուբլու մասնավոր ներդրումներ: