Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում. հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Մենք վստահ ենք, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերին և ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Անդամակցությունը կազմակերպությանը, ինչպես նաև մեր երկրի հետ ռազմական ոլորտում սերտ կապերը վերջին տասնամյակների ընթացքում դարձել են անկախ Հայաստանի առաջընթաց զարգացման առանցքային գործոն։ Ինչ էլ որ լինեն արևմտյան «բարի կամեցողների» խոստումները, որոնք գնալով ավելի են սիրաշահում Երևանին, ներկայումս ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի արդյունավետ այլընտրանքներ չկան»,-ասել է Կոպիրկին։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթ իրականացնելու առաջարկին։
«Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ հետախուզություն է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանը հանդես է գալիս որպես ազնիվ միջնորդ՝ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում և բարձր արդյունավետությամբ ջանքեր է գործադրում՝ ի շահ խաղաղության և շահերի հավասարակշռության։ Մենք պատեհապաշտ նպատակներ չենք հետապնդում, մենք աշխատում ենք հանուն ընդհանուր բարօրության՝ մեր բոլոր գործընկերների օրինական շահերի անվերապահ նկատառումներով», – ամփոփել է դեսպանը։