Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում է նշանակել իր նախկին մրցակցին։ Ֆրանսիայի 73-ամյա նոր վարչապետ Միշել Բարնիեն երկրի պահպանողական «Հանրապետականներ» (LR) կուսակցության վետերան է: Նա նաև աշխատել է Եվրամիության կառույցներում և առավել հայտնի է 2016-2019 թվականներին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ բանակցությունները ղեկավարելու համար։
«Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչը 2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, սակայն պարտվել է իր մրցակից Վալերի Պեկրեսին։ Վերջինս ընտրությունների առաջին փուլում ստացել է 5%-ից պակաս ձայն: Մակրոնը վերընտրվել է երկրորդ փուլում Լը Պենին հաղթելուց հետո։
Հատկանշական է, որ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը Վալերի Պեկրեսի հետ այցելել է Հայաստան և այն ժամանակ դեռևս անկախ Արցախի Հանրապետություն։ Նրանք հանդիպել են տեղի քաղաքական ներկայացուցիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուղևորությունը չի լուսաբանվել լրատվամիջոցների մեծ մասի կողմից։ Ֆրանսիացի քաղաքական գործիչները Արցախում կոչ են արել հետ կանչել Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանից և պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։ Իսկ Պակրեսը նաև ընդգծել է․ «Մենք պետք է մոբիլիզացնենք ողջ Եվրոպան այս հակամարտության շուրջ, սա հակամարտություն չէ Կովկասում, սա հակամարտություն է, որը ազդում է Եվրոպայի վրա, քանի որ երբ հարձակվում են քրիստոնյաների վրա, հարձակվում են եվրոպական քաղաքակրթության հիմքերի վրա»։
Միշել Բարնիեի, Վալերի Պեկրեսի և այլ ֆրանսիացի պատգամավորների այցն Արցախ խիստ վրդովմունք էր առաջացրել Ադրբեջանում և քաղաքական գործիչներն ընդգրկվել էին Բաքվի «սև ցուցակում»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցն անվանել էր «սադրիչ»՝ հավելելով, որ Բաքուն այս այցի կապակցությամբ դժգոհություն է հայտնել ռուս խաղաղապահներին։
«Նրանք գաղտնի են գնացել այնտեղ, և նրանց այցելության լուրը հայտնի է դարձել միայն նրանց վերադարձից հետո։ Թերևս վախեցել են, որ մենք կկալանավորենք նրանց Լաչինի միջանցքում։ Եթե իմանայինք, որ նրանք այնտեղ են, հաստատ թույլ չէինք տա, որ վերադառնան»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Ալիևի հայտարարությունները։ Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայցուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ռուս խաղաղապահների հասցեին հնչեցրած Ալիև մեղադրանքներին, ընդգծել է․« Ադրբեջանը երաշխավորում է այս միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահ գործողությունների տարածք այցելելու կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների և առաքելությունների աշխատակիցների կողմից։ Այս հրամանը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին։ Մասնավորապես, նախատեսվում է ռուս խաղաղապահների վաղաժամ և պատշաճ ծանուցում նման ուղևորությունների մասին»։