«Ո՛չ պատերազմ, ո՛չ ստորագրված խաղաղություն»․ Ալիևին ձեռնտու է ստատուս քվոն՝ EADaily
Հարավային Կովկասում նոր պատերազմի վտանգը շարունակում է մնալ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը լճանում է։ Խաղաղության համաձայնագրի կնքման բանակցությունների ներկա փուլում որոշակի փակուղու նշաններ են ի հայտ եկել, գրել է EADaily-ին։ Մեծ է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գայթակղությունը՝ տեղում «սեղմելու» Հայաստանը՝ բանակցությունների սեղանի շուրջ նրանից նոր զիջումներ ստանալու համար։ Ուստի փաստացի հաստատված խաղաղության մասին խոսակցությունները դեռ բավական լուրջ հիմքեր են տալիս կասկածելու իրենց իսկության մեջ։
Հայաստանի հետ պատերազմով Ալիևը կարող է հրահրել ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում, այլև՝ դժվար կացության մեջ դնել տարածաշրջանի բոլոր ուժերին։ Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվորեն զգուշացնում է Հարավային Կովկասում երկրորդ ճակատի առաջացման վտանգի մասին՝ այստեղ Արևմուտքի սադրիչ գործողությունների պատճառով։ Նման նախազգուշացումների հասցեատերն ամենից հաճախ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն է։ Ստացվում է, որ, որոշելով գնալ նոր պատերազմի, Իլհամ Ալիևն ինքը «կհարվածի» Մոսկվային երկրորդ ճակատով՝ նրանից պահանջելով ոչ միայն կոշտ արձագանքը, այլև համապատասխան եզրակացություններ ներկայում տարածված այն կարծիքի վերաբերյալ, թե Ադրբեջանի նախագահը. «բացարձակապես կանխատեսելի քաղաքական գործիչ է՝ ի տարբերություն Հայաստանի վարչապետի»։
Ալիևի համար ոչ պակաս դժվար կլինի իր հանրությանը բացատրություններ տալը։ «2022 թվականի սեպտեմբերի կեսերին կրակի արագ դադարեցման գործոններից մեկն էլ այդ օրերին ադրբեջանական բանակի բավականին լուրջ կորուստներն էին։ Եվ ոչ միայն այդ օրերին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի Զինված ուժերը և հանրապետության անվտանգության այլ ուժերը (առաջին հերթին նրա Պետական սահմանային ծառայությունը) մարտական պայմաններում ունեցել են 900-ից մինչև 1200 զոհված և վիրավորված զինվոր ու սպա։ 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախում իրականացված կարճ ռազմական գործողությունների արդյունքներով՝ նման կորուստները կազմել են մոտ 700 մարդ, որոնցից մինչև 200-ը՝ անդառնալի։ 2022 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ տասնյակ զոհերի և վիրավորների մասին լուրերը արագ հասան Բաքու և Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներ, որտեղ այդ ժամանակ տեղի ունեցան ինքնաբուխ բողոքի ցույցեր։ Դրանց մասնակիցներն ամենից հաճախ իշխանություններին մեկ հարց էին տալիս՝ ինչո՞ւ են մեր երեխաները շարունակում մահանալ, եթե մենք արդեն հաղթել ենք պատերազմում և վերադարձրել մեր հողերը», – նշվել է հոդվածում։
Ընդգծվել է, որ Ալիևը մտադիր չէ հրահրել իրադարձությունները։ Նա կշարունակի հավատարիմ մնալ սպասողական դիրքորոշմանը` հետևելով «ո՛չ պատերազմ, ո՛չ ստորագրված խաղաղություն» սկզբունքին: Հարավային Կովկասից դուրս գործընթացները շատ դինամիկ են։ Ադրբեջանի համար ձեռնտու է պահպանել ներկայիս ստատուս քվոն՝ սպասելով ավելի բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակի։