Դուք իրավասու չեք Արցախի Հանրապետության ԱԺ-ն չեղյալ համարել․ Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ-ում մեկնարկել է աշնանային նստաշրջանի առաջին նիստը, որի ընթացքում իշխանական պատգամավորները հասցրեցին մերժել ընդդիմության առաջարկած՝ «Զոհված տղաների ընտանիքների անդամների երաշխիքի» մասին նախագիծը։ Ընդդիմության պատգամավորներն էլ ՔՊ-ականներին հիշեցրին, որ նման մի նախագիծ էլ մերժել են մինչ Արցախի ամբողջական օկուպացիան, երբ իրենք առաջարկել էին ստեղծել Արցախի հարցով հանձնախումբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, հիշեցրեց, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ստեղծման մասին ակտը կա և Սիմոնյանն էլ նախագահն է։ «Հիմա արցախցիները գտնվում են ՀՀ-ում։ Պատրաստվու՞մ եք ինչ-որ բան անել, որ այդ հանձնաժողովը նիստ գումարի, կարողանա բազմաթիվ հարցեր քննարկման առարկա դարձնել»,-հարցրեց Մինասյանը։
Սիմոնյանն ի պատասխան նշեց, որ իր կարծիքով այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմնայլևս իրավասու չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի և ես չգիտեմ, թե ում հետ պիտի քննարկում ունենամ»,-ասաց ԱԺ նախագահը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանն էլ Ալեն Սիմոնյանին հիշեցրեց՝ ինքն իրավունք չունի չեղյալ համարել Արցախի Հանրապետության ԱԺ-ն։
«Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ եթե մենք շարժվում ենք Սահմանադրությամբ և օրենքներով, Արցախի Հանրապետություն տերմինը, որպես իրավական տերմին, այսօր առկա է ոչ միայն հայաստանյան իրականության մեջ, այլև միջազգային հարթակում և պայմանագրերում։ Այս փաստաթղթի առկայությունը անձը չէ, որ որոշում է վերացնել, կամ՝ ոչ։ Այս հասկացության ներքո Արցախի Հանրապետության ԱԺ-ն, որն ընտրվել է Արցախի ժողովրդի կողմից, Դուք իրավասու չեք համարել չեղյալ, Դուք պարտավորեք առաջնորդվել օրենքով։ Մնացյալն անգործություն է կամ հրաժարում՝ պարտականություններն անելուց։ Եթե հրաժարվում եք, ասեք, մենք էլ համապատասխան գործընթաց սկսենք»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը։