17 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում իսրայելական հարվածից սպանվել է փրկարարական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա

Գազայում իսրայելական հարվածից սպանվել է փրկարարական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա

Գազայի հատվածի Ջաբալիա քաղաքում իսրայելյան օդային հարվածի հետևանքով զոհվել է Մոհամմադ Մորսին՝ Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայության փոխտնօրենը: Նրա հետ զոհվել են նաև ընտանիքի չորս անդամները: Այս մասին հայտնել են առողջապահության պաշտոնյաները:

Քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելյան հարձակումների հետևանքով իրենց ծառայության 83 աշխատակից է զոհվել: Իսրայելը դեռևս չի մեկնաբանել Մորսիի մահվան փաստը:

Տեղի բնակիչները պատմել են, որ իսրայելյան ուժերը պայթեցրել են նաև մի քանի տներ Գազայի Զեյթուն թաղամասում: Բժիշկները հայտնել են, որ չեն կարողացել օգնության հասնել փլատակներում հայտնված շատ մարդկանց, վիրավորների թիվը մեծ է։

Գազայի մի բնակիչ պատմել է. «Մենք անընդհատ լսում ենք ռմբակոծությունների ձայներ Զեյթունից: Գիտենք, որ այնտեղ տներ են քանդում: Չենք կարողանում քնել պայթյունների ձայներից: Տանկերի ձայները շատ մոտիկից են լսվում, իսկ անօդաչու թռչող սարքերը շարունակ պտտվում են մեր գլխավերևում»:

Կիրակի Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ իսրայելյան հարվածների հետևանքով Գազայի ամբողջ հատվածում առնվազն 15 մարդ է զոհվել:

Գազայի կենտրոնական և հարավային շրջանների բնակիչները տեղեկացրել են նաև ինտերնետի և հեռախոսակապի խափանումների մասին: Պաղեստինյան հեռահաղորդակցության ընկերությունը նշել է, որ դա պայմանավորված է «շարունակվող իսրայելյան հարձակումներով»:

Պաղեստինցիները նշում են, որ կապի խափանումները, որոնք առաջինն են վերջին ամիսների ընթացքում, խոչընդոտում են շտապօգնության ծառայության աշխատանքը և դժվարացնում են մարդկանց հնարավորությունը՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ կամ տեղեկացնել հարձակումների մասին: