17 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի և Հայաստանի սահմանը մի քանի հազար տարվա պատմություն ունի, դա պետք է հարգեն բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ն․ իրանցի պաշտոնյա

Իրանի և Հայաստանի սահմանը մի քանի հազար տարվա պատմություն ունի, դա պետք է հարգեն բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ն․ իրանցի պաշտոնյա

Իրանի Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Քաշքավին, ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին հնչեցված պնդումներին և այդ առումով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարություններին, Mehr News-ի հետ զրույցում նշել է․ «Տարածաշրջանի կայունությունն ու բարեկամությունը պահանջում է կայունություն և ոչ մի փոփոխություն սահմաններում»։

Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն այս հարցը։ «Մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը և միջազգային սահմանների ճանաչմանը», – նշել է Քաշքավին և հավելել, որ ելնելով դրանից՝ շատ զարմանալի է Ռուսաստանի նման դիրքորոշումը կամ «Զանգեզուրի միջանցքի» մասին արված պնդումը։

«Ամեն դեպքում՝ մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը և բոլոր երկրները կփորձեն արդյունավետ գործողություններ ձեռնարկել տարածքային ամբողջականության և անկախության հարգման և միջազգային սահմանների ճանաչման շրջանակներում։

Վերջին օրերին ռուս պաշտոնյաներն ընդգծել են «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտությունը և այդ հարցում Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունն, ինչն արժանացել է Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքին։ Արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է. «Տարածաշրջանային խաղաղությունն, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առաջնահերթություն են, այլև՝ մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը։ Մեր հարևանների տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում՝ լինի դա հյուսիսում, հարավում, արևելքում, թե արևմուտքում, միանգամայն անընդունելի է և համարվում է կարմիր գիծ Իրանի համար»։