Հայաստանի իշխանությունները պետք է բանակցեն ՌԴ-ի հետ, եթե ցանկանան դուրս բերել ռուս սահմանապահներին Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանից, նշել է ՌԴ պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսանդր Միխայլովը։
«Ռուսաստանը պետք է մասնակցի այդ թեմայի քննարկմանը։ Փաշինյանը չի կարող վերահսկել ռուսական զորքերը, ռուս սահմանապահներին և Անվտանգության դաշնային ծառայությանը։ Նա Հայաստանի վարչապետն է, ով միայն գրավում է լրագրողների ուշադրությունը»,- հայտարարել է Միխայլովը։
Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը նշել է․ «ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հիմնական խնդիրն է վերահսկողություն հաստատել աշխարհի բոլոր ռազմավարական, առևտրային և լոգիստիկ ուղիների վրա, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Այժմ արևմտյան երկրների ներկայացուցիչները ցանկանում են Հայաստանի իշխանությունների միջոցով վերահսկողության տակ առնել Զանգեզուրի միջանցքը, որպեսզի այն վերջնականապես դնեն ԱՄՆ Զինված ուժերի և ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ»,- նշել է Սոլոննիկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն պետք է մտածի Թուրքիայի և Իրանի սահմանին գտնվող ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Նրա խոսքով՝ նախքան ռուս սահմանապահներին դուրս բերելը, հարկավոր է մտածել ՀՀ անվտանգության մասին՝ տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում։