Երբ արաբները նվաճեցին Սասանյան Իրանը, ապա սկսվեց այս հնագույն քաղաքակրթության պատմության մի շրջան, որն ընդունված է կոչել «նսեմացում» եզրույթով. այս մասին գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այնուհետև իրանցիներն Արաբական խալիֆայությունում հասան հավասարության, իսկ Իրանի մերձկասպյան շրջաններից ծայր առած դեյլամական նվաճումների արդյունքում սկսվեց իրանական գերակայության պատմական շրջափուլը, երբ Բաղդադի խալիֆները խամաճիկներ էին իրանցիների ձեռքում։
Սրա պատճառը բացառապես իրանական քաղաքակրթական, քաղաքական և բյուրոկրատական վերնախավերն էին, որոնք ոչ միայն չհաշտվեցին Իրանի փառքի և հզորության կորստյան հետ, այլ նաև օգտագործեցին իրանական պետականության ավանդույթները և քաղաքակրթական խորքը վերականգնվելու ու գերիշխանության հասնելու համար։
Վերնախավերի կամքը, տոկունությունն ու հմտությունն են վճռում քաղաքակրթության ապագան, այլ ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը, իսկ նսեմացումը չի կարելի կերպափոխել «ոչինչ, կարևորը հաց ուտելն է» գռեհիկ կաղապարով, քանի որ նսեմացումը հաղթահարելու միակ և պատվաբեր վերջնարդյունքը գերակայությունն է»։