15 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
11.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP29-ին այցելած պաշտոնյաները Բաքվում շրջելու փոխարեն կարող են այցելեն Ռուբեն Վարդանյանին կամ հարյուրավոր քաղբանտարկյալներից մեկին․ Մայքլ Ռուբին

COP29-ին այցելած պաշտոնյաները Բաքվում շրջելու փոխարեն կարող են այցելեն Ռուբեն Վարդանյանին կամ հարյուրավոր քաղբանտարկյալներից մեկին․ Մայքլ Ռուբին

Հաջորդ ամիս տասնյակ պետությունների ղեկավարներ, հարյուրավոր դիվանագետներ և հազարավոր ակտիվիստներ կհավաքվեն Բաքվում ՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա համաժողովին, գրել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

ՄԱԿ-ը հյուրընկալողներին ռոտացիայի է ենթարկում աշխարհագրական հիմունքներով: Այս տարի միջոցառումը հյուրընկալելու համար դիմել էին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Բայդենի վարչակազմը Հայաստանին հորդորել է հրաժարվել իր հայտից, ինչի դիմաց նախագահ Իլհամ Ալիևն ազատել է մի քանի հայ պատանդների և ռազմագերիների, բայց՝ ոչ բոլորին։ Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը միամտորեն համարում էին, որ Ադրբեջանին երջանիկ պահելով, կարող են խրախուսել Ալիևին ճկուն լինել խաղաղ բանակցություններում:

Թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական վարչակազմերում դիվանագետները հակված են ահաբեկչության և ագրեսիայի դրդապատճառները դիտարկելու ոչ թե գաղափարախոսության, այլ՝ դժգոհության ոսպնյակի միջոցով: Սա իր հերթին դիվանագետներին ստիպում է ռազմավարությունը հիմնել զիջումների վրա: «Եթե Հայաստանի հետ Ալիևի վեճի հիմքը Լեռնային Ղարաբաղն էր, ապա այդ հայկական տարածքի վերադարձն Ադրբեջանին պետք է խաղաղություն բերեր։ Խաղաղությունը երբեք Ալիևի նպատակը չի եղել, և այդ պատճառով՝ նա, որպես իր թշնամանքի արդարացումներ, դժգոհությունների անընդհատ աճող ցանկ է ներկայցնում», – գրել է վերլուծաբանը՝ հավելելով, որ Ալիևի գաղափարախոսության մեջ արմատացած է հայերի նկատմամբ ռասիզմը։ Նա ամբողջությամբ մերժում է հայկական մշակույթը, կրոնական և քաղաքական լեգիտիմությունը։

Ռուբինի կարծիքով՝ սխալ է թույլ տալ Ալիևին նախագահել COP29-ը։ «Մինչ որոշ օտարերկրյա պաշտոնյաներ, ինչպիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն է, հրաժարվում են դառնալ ադրբեջանական քարոզչության մաս և բոյկոտելու են COP29-ը, շատ այլ պաշտոնյաներ համոզում են իրենց, որ շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը չափազանց կարևոր են, և այդպիսով՝ կկիսեն բեմը Ալիևի հետ», – գրել է վերլուծաբանը: Նա խորհուրդ է տվել օգտագործել այդ հնարավորությունը և ստիպել Ալիևին անդրադառնալ սեփական պատմությանը: Բաքվում կազմակերպված շրջագայություններին մասնակցելու փոխարեն՝ պաշտոնյաները կարող են պնդել, որ այցելեն Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի նախկին պետնախարարին կամ հարյուրավոր ադրբեջանցի քաղբանտարկյալներից որևէ մեկին։
Ռուբինի կարծիքով՝ COP29-ը կարող է վերածել 1936 թվականի նոր Բեռլինի, իսկ Ալիևը՝ ավելի բացահայտ ցույց տալ իր ագրեսիան այն բանից հետո, երբ իր VIP այցելուները վերադառնան տուն: