Բաքվում կա 23 հաստատված պատանդ, բազմաթիվ գերեվարված հայեր անհետացել են, չգիտենք՝ ո՞ղջ են, թե՞ ոչ. Սիրանուշ Սահակյան
Տևական ժամանակ մեզ հուզող և չլուծված հարցերից մեկը Ադրբեջանում պահվող հայերի վերադարձն է։ Այստեղ կարող ենք վստահորեն օգտագործել հենց պատանդ տերմինը` հաշվի առնելով, որ նրանց վերադարձը կապված է պայմանականությունների և որոշակի քաղաքական պահանջների բավարարման հետ. Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի՝ Արցախին նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Նրանք ոչ թե պահվում են օրինական հիմքերով, այլ ստեղծված են շինծու հիմքեր, որոնք միջազգային հարթության մեջ կարող են արդարացնել չհայրենադարձումը, բայց իրական դրդապատճառը նրանց փոխանակումն է քաղաքական պահանջների հետ»,- պարզաբանել է Սահակյանը:
«Այս պահին մենք ունենք 23 հայ, ովքեր գտնվում են Ադրբեջանում։ Իհարկե, սա պաշտոնականացված թիվն է։ Պետք է ֆիքսենք, որ բազմաթիվ հայեր գերեվարվել են, հետո ենթարկվել բռնի անհետացման։ Կարճաժամկետ լինելով անազատության մեջ` նրանց առնչությամբ կատարվել են գործողություններ։ Նրանց չհաստատումը դուրս է բերել այս անձանց իրավական պաշտպանության ոլորտից, և մենք չենք կարող հստակ իմանալ՝ ո՞ղջ են նրանք, պահվո՞ւմ են գաղտնի վայրերում, թե՞ ոչ։ Նրանց չպաշտոնականացման դրդապատճառը հենց այս անձանց նկատմամբ կյանքի իրավունքը խախտող բռնի գործողություններն են եղել»,-ասել է իրավապաշտպանը։
2020 թվականից պահվող անձինք կան. նրանք հինգն են, որոնցից երկուսը ռազմագերիներ են, գերեվարվել են հոկտեմբերին, մյուս երեքը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո արված հատուկ գործողությունների արդյունքում։
«23-ի վերադարձը քաղաքական քննարկումների առարկա է։ Վերջերս տեղի ունեցավ մի հայտարարություն, որը տարակերպ է մեկնաբանվում մեր հասարակության կողմից։ Կարծում էին, որ նրանց վերադարձը կապահովվի խաղաղության պայմանագրի կոնտեքստում, բայց ինչպես գիտեք՝ հայտարարվեց, որ դա չկա։ Այս պահին ունենք 210 հայրենադարձված հայեր։ Պետք է ընդունենք, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ապահովել 210 հայերի վերադարձը։ Բոլորը ենթարկվել են խոշտանգումների և նվաստացումների»,-շեշտել է Սահակյանը։