27 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չի բացառվում, որ Շոյգույի երկրորդ այցն Իրան կապված է թուրք-սիրիական հաշտեցման հարցի հետ. քաղաքագետ

Չի բացառվում, որ Շոյգույի երկրորդ այցն Իրան կապված է թուրք-սիրիական հաշտեցման հարցի հետ. քաղաքագետ

ՌԴ Անվտանագության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մոտ մեկ ամիս առաջ Բաքվից մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Երեկ նա դարձյալ ժամանել է Իրան՝ Սիրիայից, որտեղ հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ մասնագետ, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ABC media-ի հետ զրույցում մեկնաբանել է՝ ինչո՞վ պայմանավորված Շոյգուի՝ կարճ ժամանակում երկու անգամ Իրան այցելությունը։

«Հիմա ակտիվ քննարկումներ են գնում, որ փորձում են կազմակերպել Թուրքիա-Սիրիա հաշտեցում, հանդիպում նախագահների մակարդակով։ Այստեղ Ռուսաստանն ու Իրանն են ակտիվ ներգրավված։ Վերջին հաշվով՝ 2018 թվականից սկսած Սիրիայի հակամարտության մասով գործում է ձևաչափ Իրան-Թուրքիա-Ռուսաստան, ու չեմ բացառում, որ սա Թուրքիա-Սիրիա հաշտեցման խնդիր է։ Ամեն դեպքում, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, հաշվի է առնվում, որ հնարավոր է Իսրայել-Հեզբոլահ լայնածավալ պատերազմ, գուցե քննարկվել  է ընդհանուր Մերձավոր Արևելքում տիրող վիճակը, հաշվի առնելով, Իրան-Հեզբոլահ  սերտ հարաբերությունները»,-ասել է մասնագետը։

Պողոսյանը չի բացառում նաև, որ քննարկվել են ռուս-իրանական հարաբերությունները։

«Գիտենք, որ երկար ժամանակ է խոսվում է ռազմավարական պայմանագրի ստորագրման մասին, պայմանագրի տեքստն արդեն պատրաստ է , նույնիսկ կա տեղեկություն, որ 2024-ի հոկտեմբերին BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում այդ թուղթը պետք է ստորագրվի, սակայն հետո ՌԴ նախագահը նշեց, որ առանձին այցելություն պետք է լինի, այսինքն այստեղ էլ ինչ-որ բան այն չէ։ Արդեն մեկ տարի է ստորագրությունը չկա, ինչը նշանակում է, որ խնդիր կա»,-ասել է նա։

Քաղաքագետն ասում է, որ քննարկվել է ռուս-իրանական ռազմական հարաբերությունները, ռազմատեխնիկական գործակցությունը, որը 2022 թվականի փետրվարից դեռ զարգանում է։

«Հիմա Իրանում կա նոր նախագահ գուցե անհրաժեշտություն է առաջացել այդ երկկողմ ռազմական համաձայնագիրը քննարկելու»,-ասել է նա։

Միաժամանակ անդրադառնալով վերջին օրերին միմյանց հետևից Բաքու  այցելած  Պենտագոնի հետախուզական Գլխավոր վարչության եվրոպական կենտրոնի տնօրենին, բրիտանական ՄԻ6-ի տնօրեն Մուրին, նաև Թուրքիայի հետախուզության ղեկավար Քալընին, մասնագետն ասում է, որ արտասովոր ոչինչ չկա։

«2016-2017 թվականից քննարկումներ են սկսվել և տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ ու ցնցումներ։ Ասել, որ նման այցերը հազվադեպ են՝ ոչ։ Վերջին հաշվով Բրիտանիայի Արտաքին հետախուզության ծառայությունը վերջերս նաև Հայաստանում էր։ Չէի ասի, որ սա արտառոց է, նման այցելություններ ժամանակ առ ժամանակ լինում են։ Այն, ինչ մենք տեսնում ենք արտառոց չէ։ Ուղղակի հասկանալի է, որ աշխարհակարգն է շատ փխրուն, անցում է կատարվում դեպի նոր աշխարհակարգ, շատերն էլ չեն պատկերացնում՝ դա ինչ է, ու այս գործընթացում ցնցումները նորմալ են, խոսքը միայն մեր տարածաշրջանի մասին չէ։ Այո՛, ինտենսիվ գլոբալ քննարկումներ կան, կարծում եմ՝ քանի նոր աշխարհակարգը չի ձևավորվել այս քննարկումները և հակամարտությունները ծարունակվելու են առաջիկա 10 տարում»,- նշել է նա։