27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան և Ադրբեջան. փխրուն խաղաղության գործընթացի հեռնակարներն ու մանրամասները Թոմաս դե Վաալի հոդվածում

Հայաստան և Ադրբեջան. փխրուն խաղաղության գործընթացի հեռնակարներն ու մանրամասները Թոմաս դե Վաալի հոդվածում

Մեկ տարի անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը, վտարելով ողջ հայ բնակչությանը, Բաքուն դեռևս ունի գրեթե բոլոր խաղաքարտերը Երևանի հետ հարաբերություններում։ Այս մասին գրել է Carnegie կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։ Նրա խոսքով՝ Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմությունը բազմաթիվ բաց վերքեր է թողնում։ Այդուամենայնիվ , դեռևս առկախ է մնում հարցը, թե այսքան դառնությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կարող են արդյո՞ք կարգավորել հարաբերությունները։ Բաքուն շատ քիչ գին է վճարել իր ռազմական գործողությունների համար և ստացել է նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայական համաժողովում տասնյակ երկրներ հյուրընկալելու պատիվը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է մնալ հիմնական արբիտրը և որոշում կայացնողը։ Նա կարծես չի շտապում և խաղում է ժամանակի վրա։ Ալիևը չի մեղմացրել իր հռետորաբանությունը հայերի նկատմամբ և շարունակում է կրկնել պնդումները, թե Հայաստանն իրականում «արևմտյան Ադրբեջան» է։

Հայերի համար Լեռնային Ղարաբաղի վերջը մարդասիրական աղետ էր, քանի որ 100,000 մարդ կորցրել է իր տունը։ Այնուամենայնիվ, այն միջազգային մակարդակով ավելի քիչ ուշադրության է արժանացել, քան պետք է ունենար՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և Իսրայել-Գազայի պատերազմի պատճառով, որը բռնկվեց կարճ ժամանակ անց: Աշխարհը բավականին արագ անցավ այլ հարցերի:

«Անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հազիվ է բարձրացնում Ղարաբաղի հարցը։ Նա հասկացնում է, որ իր թիվ մեկ առաջնահերթությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորող համաձայնության ձեռքբերումն է։ Նրա հաշվարկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանա գոյատևել և ազատվել Ռուսաստանից վտանգավոր գերկախվածությունից, քանի դեռ չի գերակայել «իրական» Հայաստանը: Ուստի՝ վերջին տարում նա մի շարք զիջումների է գնացել Ադրբեջանին՝ գործարքն ապահովելու նպատակով», – գրել է Վաալը:

Վերլուծաբանի կանխատեսմամբ՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ալիևը կսպասի, թե ինչպե՞ս կանցնի Բաքվում COP-ի գագաթնաժողովը, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ ընտրությունների արդյունքը, և ի՞նչ կարող է ակնկալել Ռուսաստանից, Թուրքիայից և ԵՄ-ից:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ալիևը բարձրացրել է նոր խնդիր՝ Հայաստանից պահանջելով փոխել սահմանադրությունը։ Անկախ նրանից, թե ինչ հիմքեր ունեն այս պնդումը, Հայաստանի որևէ ղեկավարի համար շատ դժվար կլինի անցկացնել սահմանադրական հանրաքվե, որը թելադրված է Ադրբեջանի կողմից:

Միջազգային դիվանագիտությունը նույնպես բավականին լուռ է։ Վերլուծաբանը նաև մտահոգություն է հայտնել բանակցվող համաձայնագրի կայունության առումով:

Կարևորագույն հարցերից մի քանիսը հանվել են տեքստի նախագծից և հետաձգվել հետագա քննարկման համար: Մասնավորապես, խոսքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։

Ավելի լայն իմաստով, դժվար է այս փաստաթուղթը խաղաղության համաձայնագիր անվանել, երբ հասարակության մեջ այդքան քիչ ներգրավվածություն կա և գրեթե ջանք չկա հաղթահարելու տրավմաները և պատմական խեղաթյուրումները:

Անհանգստացնող է, որ օգոստոսին ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են Պրահայում բնակվող ադրբեջանցի ասպիրանտ Բահրուզ Սամադովին, ով ակտիվորեն մասնակցել է հայերի հետ երկխոսության նախագծերին և քննադատել է իր կառավարության ավտորիտար գործելաոճը:

Բացի այս ամենից՝ Ռուսաստանը դեռ ունի իր օրակարգը։ Օգոստոսին Վլադիմիր Պուտինը կատարել է իր առաջին պետական ​​այցը Բաքու վերջին վեց տարվա ընթացքում՝ ընդգծելով Ադրբեջանի կարևորությունը Ռուսաստանի Հյուսիս-Հարավ նախագծի համար։ Այդ ծրագրերը սերտորեն կապված են Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի աշխարհագրության հետ։ Պուտինը չի հրաժարվել ռուսական անվտանգության ուժերի կողմից միջանցքը վերահսկելու նպատակից, իսկ Ադրբեջանը մինչ այժմ հրապարակավ չի ընդդիմանում դրան:

Եթե ​​նույնիսկ եվրոպական երկրները չլինեն Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանի շուրջ, նրանք առանցքային դեր կունենան ցանկացած համաձայնագրի տեղում գործելու հարցում։

Երկար տարիներ արևմտյան ռազմավարության թերությունն էր հայ-ադրբեջանական հակամարտությունն անտեսելը կամ դիվանագետների փոքր խմբին թղնելը:

COP-ը կարող է առիթ հանդիսանալ խաղաղության օրակարգն իրականացնելու համար:

Առանց արևմտյան դերակատարների նախաձեռնողական քաղաքականության, որը կզսպի բռնությունը և կխրախուսի կողմերին համաձայնության հասնել, չլուծված հակամարտությունը, շատ հավանական է, որ ապագայում վերադառնա վրեժխնդրությամբ: