Լուկաշենկոն համայն հայությանը մաղթել է խաղաղություն, բարություն և բարօրություն
Բելառուսը կարևոր է համարում Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների զարգացումը: Այս մասին ասված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում Անկախության օրվա առթիվ։
«Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է Բելառուսի նախագահը, «Բելառուսը և Հայաստանը կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմության, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով»։
«Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործարար գործընկերությունը»,- նշվում է ուղերձում։
Լուկաշենկոն համոզված է, որ «ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար մենք պետք է համախմբվենք և համագործակցենք»։
Բելառուսի նախագահը համայն հայությանը մաղթել է խաղաղություն, բարություն և բարօրություն: