Եվրոպայի կողմից մոռացված հակամարտությունը.հայերի շրջանում դեռևս լքվածության զգացումն է գերակայում. Sky News
Լեռնային Ղարաբաղի վաղուց վիճելի տարածքը, որը ընկած է Եվրոպայի եզրին, ունի բռնությունների և տեղահանումների պատմություն։ Վերջին հարձակումը տարածաշրջանի վրա մեկ տարի առաջ ստիպել է 100,000 հայերի լքել իրենց տունը, հնարավոր է, ընդմիշտ: Այս մասին գրել է Sky News-ը:
Ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակումը սկսվել է սեպտեմբերի 19-ին և տևել 24 ժամ՝ ստիպելով շրջանի ղեկավարությանը հանձնվել և համաձայնել լուծարել չճանաչված հանրապետությունը մինչև 2024 թվականի հունվարը: Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը շարունակվել է՝ չնայած միջազգային կոչերին՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղում տեղի բնակչության անվտանգությունը: Ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված էին տարածաշրջանում երկրորդ պատերազմի հրադադարի համաձայնագրի շրջանակներում, որևէ իրական միջամտության չեն ցուցաբերել: Ինչպես նշվել է, բռնի տեղահանվածներին պետական աջակցությունը կավարտվի հաջորդ տարվա հունվարին, և տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ 4000-ից քիչ ավելի փախստական է դիմել քաղաքացիություն ստանալու համար: Ոմանք կարծում են, որ շատերը կընտրեն ամբողջությամբ հեռանալ Հայաստանից: Նշվում է, որ հուլիսի դրությամբ արդեն արտագաղթել է մոտ 11500 փախստական։
Անդրադառնալով Ադրբեջանին՝ նշվել է, որ երկիրը դասվում է աշխարհի ամենաքիչ ազատ պետությունների շարքում և կալանավորում է կառավարությանը քննադատող ակտիվիստներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով փոխարինել է իր հանգուցյալ հորը 2003 թվականին, հաճախ է հակահայկական հռետորաբանություն օգտագործում: Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հիշատակվել է որպես սառեցված կամ մոռացված հակամարտություն, և թեև այն ավելի մեծ ուշադրության է արժանացել երկրորդ պատերազմից հետո, հայերի շրջանում դեռևս այն զգացումն է, որ նրանք լքված են:
Sky News- ը հիշեցրել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Յուրի Քիմը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ասել է, որ «մենք չենք հանդուրժի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա որևէ հարձակում» Ադրբեջանի հարձակումից մի քանի օր առաջ: