«Իրական Հայաստանի» պատմական բլեֆը
Քաղաքական պրակտիկայում կիրառվող մանիպուլյացիաների ու հանրային օրակարգում արհեստական դիսկուրսի գաղափարը քաղաքականության մեջ նորություն չէ, այն մշտապես կիրառվել է ու շարունակում է ակտիվորեն շահարկվել։ Արհեստական օրակարգերը քաղաքական գործընթացներում մշտապես աշխատող տարբերակ է՝ սկսած Հին Հռոմից ու Հունաստանից, մինչև մեր օրեր։
Ընդունված է համարել, որ հանրային գիտակցության մանիպուլյացիան մեծ զանգվածների վրա ազդեցություն ձեռք բերելու կարևոր միջոց է և ժամանակակից տեխնոլոգիաների դարում իշխանության հասնելու կարևորագույն գործիք։ Հավելենք, որ հոգեբանության մեջ համարվում է, որ հանրային գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու նպատակը մարդկանց հոգեբանության վրա ներգործելու միջոցով նրանց վրա վերահսկողություն հաստատելն է, որի շնորհիվ նրանց ուղղորդում են սեփական նպատակներին հասնելու ուղղությամբ։ Դե իսկ այս ամենի արդյունքում հասարակությունը ինքնաբերաբար և իր կամքից անկախ սկսում է սպասարկել տվյալ սեգմենտի շահերը կամ որ նույնն է՝ ուղղակի հոգեբանական օպերացիայի է ենթարկվում։
Ընդհանրապես ապացուցված փաստ է, որ քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին՝ կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, սակայն այդ ստիպման գործընթացը պետք է տեղի ունենա այնպես, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»): Քաղաքական մանիպուլյացիայի գործիքները բազմազան են, անմիջական խոսքից՝ մինչև լրատվական միջոցների կիրառում:
2018-ից հետո Հայաստանում սկսվեց քաղաքական ու հոգեբանական մանիպուլյացիաների ժամանակաշրջանը։ Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն, իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում այս գործիքակազմն օգտագործել է որպես անկյունաքարային խաղաքարտեր և կարողացել (այսօր էլ փայլուն կերպով կարողանում է) այն ծառայեցնել սեփական նպատակներին հասնելու համար։ Այս շարքից նրա թեզերը մի քանի հարյուրի է հասնում, իսկ վերջին ամենացցուն օրինակներից մեկը, որը արհեստականորեն ներդրվել է հանրային տիրույթում և իր քաղաքական թիմի համար դարձել է թիվ մեկ կարգախոսներից մեկը «իրական» և «պատմական» Հայաստանների, «հայրենիքի» ու «պետության» մասին խոսույթն է, որի հետ կապված փորձում են խորքային հիմնավորումներ ներկայացնել՝ ժողովրդին համոզելով, որ այն Հայաստանը, որտեղ նրանք այսօր ապրում են հենց այն է, ինչի մասին դարերով երազել են։
Իրականությունն այն է, որ Փաշինյանն է Հայաստանի հենց այն ղեկավարը, որ հանուն «պատմական Հայաստանի»՝ կործանում է իրական Հայաստանը, այլապես խորհրդարանի ամբիոնից չէր հայտարարի, թե այս երկու Հայաստանները «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ տարիներ շարունակ նրանց մոլորեցրել են, չեն ասել, թե ո՞րն է մեր իսկական հայրենիքը, նրա բառերով՝ «պետության իրական սահմանները», իսկ ինքը ոչ միայն դրա մասին բարձրաձայնում է, այլ նախօրեին անգամ «ներողություն» էր խնդրում այդ ամենի հետ կապված։ Թերևս պատահական չէ, որ լինելով սիմվոլիզմի դպրոցի ներկայացուցիչ նա նախօրեին, սեպտեմբերի 21-ին ընդառաջ, վերստին «իրական Հայաստանի» մասին թեզը էր առաջ քաշում։
Համաձայնե՛ք՝ միստիցիզմ է, երբ երկրի ղեկավարը պետության անկախության օրվան ընդառաջ խոսում է իր կողմից տիրաժավորված «իրականության» մասին, այն «իրական Հայաստանի», որի տարածքի 208 քառակուսի կմ-ն բռնազավթվել է թշնամի պետության կողմից, ում գերիները դեռևս գտնվում են Բաքվի բանտերում, ով չգիտի թե ի վերջո որն է իր պետական սահմանը։ Բացի դրանից, նա «իրականի» մասին սեպտեբերին խոսում է հատուկ այն ժամանակահտվածում, երբ ուղիղ 2 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, իսկ 1 տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Ըստ էության՝ Արցախը միչև Փաշինյանը, չնայած գոյություն ունեցող դժվարություններին ու խնդիրներին իրականություն էր, սակայն այսօր դաժանագույն փաստն այն է, որ նույն անձի ձեռամբ Արցախը դարձավ պատմական Հայաստան։
Ավելին, երբ Փաշինյանը փորձում է տիրաժավորել «ժողովրդից ներողություն խնդրելու» թեզը, սա վկայում է այն մասին, որ նա պատրաստվում է նոր պարտիայի։ Գուցե պեսիմիստական հնչի, բայց փաստերը վկայում են այն մասին, որ վերջին շրջանի նրա պատկերացրած «իրական Հայաստանի» սահմանները Թուրքիայի պատրոնությամբ փաստացի գծում է Ադրբեջանը։ Այսօր Փաշինյանը գնում է «խաղաղության», սակայն ամեն կերպ խուսափում է բարձրաձայնել, թե որ թվականի քարտեզի հիման վրա է հաստատվել Սահմանազատման կանոնակարգը (կանոնակարգը ստորագրվեց օգոստոսի 30-ին)։ Մի ձեռքով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը «29743 կիլոմերտ քառակուսու վարչապետն է», մյուսով հայտարարում, որ «Ադրբեջանի սհամանադրությամբ նրանք հավակնություններ ունեն Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լուռու մարզերի նկատմամբ»։
Սեփական անձը «իրական Հայաստանի» հետ ասոցացնելը պատահական չէ, քանի որ այդ կերպ նա իր սեփական «ես»-ն է առաջ մղում և մարդկանց փաստացի ասում, որ «այն, ինչ եղել է նախկինում բոլորը միֆ է եղել և պատմություն, հիմա ես եմ իրական Հայաստանը»։ Հերթական անգամ առերեսվում ենք ֆետիշացման գործընթացի հետ, որին ականատես ենք դարձել քանիցս (սեփական անձը Հիսուսի հետ համեմատելը, Մովսեսի տեսիլիքների մասին ցնդաբանությունները և այլն)։
Ըստ էության՝ Փաշինյանը վեց տարի է իշխանության է, որի ընթացքում հասցրել է պատմական Հայաստանի մեջ մնալ որպես զիջողական, մանիպուլյատիվ, թշնամասեր և հակայեկեղեցիական ու հակահայկական իշխանութուն, որն էլ հենց վրեջինիս այցեքարտն ու իմիջն է, նրանց իրական Հայաստանը։
Արմեն Հովասափյան