23 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադայի արտաքին գործերի նախարարը ի թիվս այլնի կարևորում է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը

Կանադայի արտաքին գործերի նախարարը ի թիվս այլնի կարևորում է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Վերջին շրջանում Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցության մեջ է եղել նախարար Ջոլիի հետ։ Հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները լիովին համապատասխանում են Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը թարգմանաբար ներկայացրել է նախարար Ջոլիի հայտարարությունը։

«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։

Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։

Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։

Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:

Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։

Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցյիչների հետ՝ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շուրջ կանադական կողմի օբյեկտիվ դիրքորոշումները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ