Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել COP29-ը հանածո վառելիքի ընդլայնման համար՝ մարդու իրավունքների խախտումների ֆոնին․ HRW
Կառավարությունները, որոնք մասնակցում են Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա համաժողովին (COP29) պետք է կատարեն մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտավորությունները, նշվել է Human Rights Watch-ի հայտարարությունում:
«Երրորդ տարին անընդմեջ COP-ը տեղի է ունենում ռեպրեսիվ երկրում, որտեղ խստորեն սահմանափակում է խոսքի ազատությունը և խաղաղ հավաքների իրավունքը», – նշել է Human Rights Watch-ի բնապահպանական հարցերով ավագ փաստաբան Միրտո Տիլիանակին:
«Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է պատրաստ լինեն հստակ ուղերձ հղելու, որ կլիմայական արդար և հավակնոտ գործողությունները պահանջում են անկախ ձայների բովանդակալից մասնակցություն»:
Ադրբեջանն ունի ավտորիտար իշխանություն, որը չի հանդուրժում այլախոհությունը և վերջին ամիսներին ճնշում է անկախ լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին: Կամայականորեն ձերբակալվածների թվում են հակակոռուպցիոն ակտիվիստը և մարդու իրավունքների պաշտպանները, ովքեր քննադատում են Ադրբեջանի նավթագազային հատվածը և պաշտպանում Ադրբեջանում քաղաքացիական ազատությունները COP29-ից առաջ:
Անկախ ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամանքը մտահոգություն է առաջացնում այն մասին, թե արդյո՞ք քաղաքացիական հասարակության խմբերը կկարողանան բովանդակալից մասնակցություն ունենալ COP29-ին, նշվել է Human Rights Watch-ի հայտարարությունում:
2022 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի 52 տոկոսը և արտահանումից ստացված եկամուտների մոտ 90 տոկոսը ստացվել են նավթից և գազից։ Ապրիլին կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, որի նպատակը COP29-ին նախապատրաստվելն էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է գազի արդյունահանումը ընդլայնելու պլանների մասին՝ հիմնականում ի պատասխան Եվրամիության շուկայի պահանջների:
«Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը որպես COP29 հյուրընկալող՝ շարունակելու հանածո վառելիքի ընդլայնումը և խաթարելու կլիմայական ճգնաժամին դիմակայելու և մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը», – ասել է Տիլիանակին։