
Թեև ԵՄ-ի և Իրանի հարաբերությունները «նվազագույն կետում են», կողմերը համագործակցելու պատրաստակամություն են հայտնել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, գրել է Euractiv-ը։
«Մենք պետք է բաց պահենք հաղորդակցության ուղիները», – նշել է Բորելը:
Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին, իր հերթին, նշել է․ «Իրանը պատրաստ է բարեխղճորեն կատարել իր բաժինը և քննարկել փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերը»: Այնուամենայնիվ, արևմտյան պաշտոնյաները Euractiv-ին տված մեկնաբանություններում նշել են, որ իրենք Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման շուրջ բանակցությունների հեռանկար չեն տեսնում առնվազն նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։
Իրանի նախագահն արդեն հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Կողմերն անդրադարձել են Ռուսաստանին իրանական հրթիռների մատակարարման հարցին։ Հանդիպման ընթացքում Միշելն Իրանի առաջնորդին ասել է, որ ԵՄ-ի և Իրանի հարաբերությունները «նվազագույն կետում են»:
Ըստ աղբյուրի՝ Միշելը պատրաստակամություն է հայտնել վերսկսել Իրանի հետ միջուկային դիվանագիտությունը։
Ինքը՝ Փեզեշքիանը, հերքել է Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու մասին լուրերը, ինչպես նաև միջուկային զենք ստեղծելու մտադրությունը։