14 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանում ռմբակոծությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, զոհերի թիվը՝ աճում․ Շահան Գանտահարյան

Լիբանանում ռմբակոծությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, զոհերի թիվը՝ աճում․ Շահան Գանտահարյան

Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանի մի շարք բնակավայրեր։ Հաղորդվում է ավելի քան 500 զոհի մասին, Լիբանանում տեղի ունեցողի մասին ABC media-ն զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։

«Իսրայել-Հեզբոլահ ռազմական բախումները նոր շրջափուլ են մտել, հատկապես վերջին պայթյուններից հետո։ Թիրախային հարվածները ավելի ծավալային մասշտաբ դառնալու նախադրյալներ ունեն։ Նախ պետք է արձանագրենք, որ պատերազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնվել է, այսինքն՝ Հարավային Լիբանանից Բեյրութի հարավային արվարձաններ են հասել։ Ընդհանրապես Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» կետերը թիրախ են դարձել»,-ասել է Գանտահարյանը։

Լիբանանահայ խմբագիրն ասում է, որ պաշտոնական Թել Ավիվը հայտարարել է՝ այնտեղ, որտեղ «Հեզբոլլահը» ռազմահենակետեր ունի, իրենք հարվածելու են։

«Աշխարհագրության հետ գրանցվեցին հավելյալ էսկալացիա և ագրեսիա գրանցեցին ռազմական գործողությունները։ Ընդամենը մեկ օրվա ընթացքում գրանցվեց մոտ 500 զոհ, հազարավոր վիրավորներ։ Իսրայելն էլ շարունակում է հայտարարել, որ իր առաջ դրել է խնդիր՝ ոչնչացնել «Հեզբոլլահը»։ Որոշակի փոխկապակցվածության տրամաբանությունն է աշխատում Գազայի և Իսրայել-Հարավային Լիբանան սահմանագծի վրա այն առումով, որ եթե Գազայում հրադադարի շուրջ համաձայնության գային կողմերը, նույնն էլ կլիներ Լիբանանում։ Սակայն ավելի ուշ Իսրայելը հայտարարեց, որ անկախ Գազայում հրադադարից՝ ինքը Հյուսիսային Իսրայելի անվտանգությունը վերականգնելու խնդիր ունի, ինչը ենթադրում է, որ դեպի Հարավային Լիբանան անվտանգության գոտի ձևավորելու օրակարգ ունի Իսրայելը»,-նշել է նա։

Լիբանանում մինչ այս էլ խնդիրները շատ էին․ սոցիալական, ֆինանսական ճգնաժամում գտնվող երկիրը հիմա նաև ունի անվտանգության հարց։ «Հայ համայնքն այս օրերին չի տուժել»,-ասում է Գանտահարյանն ու հավելում՝ ռմբակոծությունները դեռ չեն հասել հայկական թաղամասեր։

«Հայերը չեն տուժել ոչ ֆիզիկապես, ոչ էլ նյութապես, բայց այն հայերը, որոնք առևտրով են զբաղվում ու այս շրջաններ հաճախ էին այցելում, հիմա խնդիրներ ունեն և դեռ ունենալու են»,-ասել է Գանտահարյանը։