24 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ուժի մեջ է թողնում ՌԴ տարածքին ամերիկյան հրթիռներով հարվածելու արգելքը. Ջոն Կիրբին

ԱՄՆ-ն ուժի մեջ է թողնում ՌԴ տարածքին ամերիկյան հրթիռներով հարվածելու արգելքը. Ջոն Կիրբին

ԱՄՆ-ն պահպանում է ամերիկյան հեռահար հրթիռներով ՌԴ տարածքին հարվածելու արգելքը Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։

«Նախագահը (Ջո Բայդենը) հետևողական է հեռահար հարվածների վերաբերյալ իր որոշման հարցում։ Նրա դիրքորոշումն այն է, որ ԱՄՆ-ի տրամադրած սպառազինությունը չպետք է օգտագործվի Ռուսաստանում գտնվող թիրախների դեմ, նա ոչ մի փոփոխություն չի արել այդ քաղաքականության մեջ»,- ասել է Կիրբին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են ոչ միայն Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու հնարավորությունը, այլև փաստացի որոշում են՝ արժե արդյոք ուղղակիորեն միջամտել հակամարտությանը:

Պուտինն ընդգծել է, որ Արևմուտքի ուղղակի մասնակցությունը կփոխի հակամարտության բնույթը, և Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել նոր սպառնալիքներին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի տարածքին հասցված հարվածների հետևանքների մասին Պուտինի նախազգուշացումները շատ պարզ են եղել և, անկասկած, հասել են հասցեատերերին: