Կյանքը զրոյից․ Արցախցի փախստականները դժվարությունների են բախվում ՀՀ-ում․ Deutsche Welle
Զանգվածային գաղթից մեկ տարի անց Արցախի ավելի քան 100,000 հայեր փորձում են վերականգնել իրենց կյանքը Հայաստանում՝ բախվելով բազմաթիվ դժվարությունների և անորոշ ապագայի, գրել է Deutsche Welle-ն:
Հայաստանում արցախցի փախստականների կենսապայմանների հարցը, ինչպես նաև միգրացիոն խնդիրները, պարբերաբար դառնում են երկրում բուռն քաղաքական քննարկումների առարկա։
Կառավարությունը պարբերաբար զեկուցում է միգրացիոն հոսքերի մասին։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից (Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի սկիզբը) մինչև 2024 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ, Հայաստանից հեռացել է 24261 մարդ, ովքեր ստիպված են եղել լքել Արցախը։ Նրանցից 12310-ը հետագայում վերադարձել է, իսկ 11951-ը մնում է երկրից դուրս:
Լեռնային Ղարաբաղից շատ փախստականներ բախվում են լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների, այդ թվում՝ աշխատանք գտնելու և բնակարանների համար վճարելու դժվարությունների:
Չնայած կառավարության նախաձեռնություններին` դրանք մեծ ոգևորություն չեն առաջացրել վերաբնակիչների մոտ։ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ ներկայացվել է 916 դիմում, որոնցից միայն 30-ն է բավարարվել։ Մերժումների հիմնական պատճառներն են ընտանիքի անդամների Հայաստանի քաղաքացիության կամ տեղահանվածի կարգավիճակի բացակայությունը։