Մեր հասարակության ամենամեծ և արգահատելի ախտերից մեկը գրեթե զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալների ստախոսությունն է, իսկ էլ ավելի նողկալի է, երբ դա չի համարվում արատ կամ ախտ, այլ «լռելյայն» դիտարկվում է՝ որպես հանրայնորեն հանդուրժելի կամ ոչ դատապարտելի երևույթ. այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Կյանքում պատահում է, որ այս կամ այն խոստումը կամ մտադրությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրականանում կամ ուշանում է դրա իրականացումը, սակայն խոսքը սրա մասին չէ, այլ լկտի և մտածված ստի ու խաբեության։
Մեր հասարակությունը հաճախ, փաստացիորեն, ոչ մի արտառոց բան չի տեսնում, երբ իրեն խաբում են կամ ստում, որովհետև, ցավալիորեն, ինքն էլ իր զգալի մասով ստում է և խաբում՝ անում դա ամեն հնարավոր առիթով, անհրաժեշտաբար կամ նույնիսկ առանց անհրաժեշտության։
Նույն այդ հասարակությունից էլ ծնվում են վերնախավերը, սակայն այդ վերնախավերի առաքելությունն է ձգտել լինել օրինակելի և գոնե փորձել բուժել հասարակական ախտերը, այլ ոչ թե դրանք խտացնել հենց իրենցում»։