Ռազմական ծախսերը կլինեն առաջիկա տարիներին Ադրբեջանի պետական բյուջեի ամենամեծ ծախսերից մեկը․ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
«Ուշադրության կենտրոնում է լինելու ժամանակակից բանակի կառուցման գործընթացը, ազգային անվտանգության ներուժի ավելացումը, պաշտպանական արդյունաբերության համալիրի հզորացումը և արդիականացումը»,- նշել է նա նախարարների կաբինետի նիստում։
Միևնույն ժամանակ Բաքվում անց է կացվում ADEX-2024 ռազմական ցուցահանդեսը, որին մասնակցում է ՀՀ դաշնակից ՌԴ-ն։ Առաջին անգամ ներկայացվել են ռուսական արտադրության РПЛ-20 թեթև գնդացիրը և ГП-46 տակափող նռնականետը։
«Կալաշնիկով» կոնցեռնի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Ստեպանովը նշել է, որ այս ապրանքի նկատմամբ Ադրբեջանի մեծ հետաքրքրություն ունի։
Ռուսական Supercam S350 անօդաչու թռչող սարքը ևս առաջին անգամ ներկայացվել է Կասպից ծովի տարածաշրջանում։ «Беспилотные системы» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Եկատերինա Զգիրովսկայան նշել է, որ Supercam S350-ը թեթև անօդաչու թռչող սարք է, որն ունի ավելի քան 70 կմ տեսահաղորդակցության հեռահարություն։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծանոթացել է ռուսական «Ланцет-Э», համալիրին, որը ներկայացրել է Ռոսօբորոնէկսպորտը Բաքվում ADEX-2024 ցուցահանդեսում։
ՀՀ -ի ՀԱՊԿ դաշնակիցներից Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն ևս Ադրբեջանում է։ Բաքվում հանդիպումների ժամանակ Մուրավեյկոն նախատեսում է քննարկել Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակը։
Բելառուսը Բաքվում ADEX-2024 ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացրել է «Сапфир» նռնականետի համակարգի ադապտացման տարբերակները։ Դրա յուրահատկությունը մեկնարկային կառավարման էլեկտրոնային համակարգի, ծրագրավորվող պայթուցիկ սարքի, ինչպես նաև օպտիկա-էլեկտրոնային համակարգով հագեցած մարտական մոդուլների առկայությունն է։
Զուգահեռաբար, Ադրբեջանը և Թուրքիան Բաքվում մի շարք համաձայնագրեր են ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։