«Պատերազմ և խաղաղություն»․ Հայաստանին և Ադրբեջանին դեռ դժվար ճանապարհ է սպասվում՝ խաղաղության հասնելու համար․ «Միջազգային ճգնաժամային խումբ»
«Միջազգային ճգնաժամային խումբ» (The International Crisis Group) անկախ կազմակերպության «Պատերազմ և խաղաղություն» հաղորդաշարի ընթացքում հաղորդավարները զրուցել են ազմակերպության հարավկովկասյան հարցերով վերլուծաբան Կոնուլ դե Մուրի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարների մասին։
Հաղորդման ընթացքում նրանք գնահատել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը, գործարքի առկախ կետերը և պարզել արդյոք երկու կողմերի միջև զինված էսկալացիայի վտանգ դեռևս կա՞։ Հաղորդման ընթացքում քննարկվել են արտաքին դերակատարների փոփոխվող դերը Հարավային Կովկասում, ներառյալ՝ Ռուսաստանի պայքարը տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու համար։
Կոնուլ դե Մուրը նշել է, որ ԱդրբեջանըՀՀ-ից պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ նա դրական է գնահատել բանակցային գործընթացից «Զանգեզուրի միջանցքի» առայժմ դուրսբերումը։ Մուրը հիշեցրել է, որ դա բուռն արձագանք է ստացել ՌԴ-ում։
Մեկ այլ խնդիր է Մինսկի խմբի լուծարման հարցը, ինչը պահանջում է Բաքուն, սակայն, կարծես, չի ցանկանում ՀՀ-ն։ Այդուամենայնիվ, ՀՀ-ն այն կարգավիճակում չէ, որ ինչ-որ բան պնդի։
Անդրադառնալով նոր էսկալացիայի հավանականությանը՝ վերլուծաբանը նշել է․ «Ես չեմ կարծում, որ մոտակա 3-4 ամիսներին կլինեն բախումներ։ Այս պահին կարևոր դեր է խաղում Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ը։ Բաքուն չի ցանկանում որևէ խոչընդոտ, ՀՀ-ն ևս պատերազմ չի ցանկանում։ Սա կարճաժամկետ կանխատեսում է։ Երկարաժամկետ կտրվածքով՝ մինչ ընթանում են խաղության շուրջ բանակցությունները, մեծ հավանականություն կա, որ բախումները կկրկնվեն։ Դրա հավանակակնությունը միշտ կա՝ հատկապես շուրջը կատարվողի համատեքստում՝ ոչ միայն Հարավային Կովկասում»։
Այդուամենայնիվ, Մուրը չի բացառել, որ COP29-ին ընդառաջ կամ դրա ընթացքում հնարավոր է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը որոշակի համաձայնագիր ստորագրեն։ Դա բավարար չի լինի, իհարկե, և չի համապատասխանի շատերի սպասումներին, սակայն մեծ քայլ կլինի բանակցային գործընթացում՝ խաղաղության վերջնական համաձայնագիր կնքելու համար։
Վերլուծաբանը նաև նշել է, որ այժմ ՀՀ-ն փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, սակայն հնարավոր չէ մեկ օրում քանդել հարաբերությունները, որոնք կառուցվել են այդքան երկար տարիներ։ Դեպի Արևմուտք ՀՀ ուղին նյարդայնացնում է ՌԴ-ին։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Կոնուլ դե Մուրն ընդգծել է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ Թուրքիան ցանկանում են բացել սահմանները։ Սակայն Թուրքիան շատ հստակ է․ այն կբացի սահմանը միայն խաղաղության համաձայնագրից հետո։