Ադրբեջանում հեգնում են Էրդողանի գիրքը նվեր ստացած Փաշինյանին ու այն համեմատում Էնշտեյն ընթերցող տիկնոջ հետ
Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը շարունակում է մնալ ոչ միայն երկու երկրների, այլև Ադրբեջանի լրատվամիջոցների ու սոցցանցերի առաջին էջերում։
Քննարկվում է հատկապես Փաշինյանի լայն ժպիտը՝ Թուրքիայի նախագահի հեղինակած գիրքը նվեր ստանալիս։
Globalinfo.az-ի հետ զրույցում միջազգային հարաբերությունների փորձագետ Ազիզ Ալիբեյլին, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ դա իրականում ուղերձ է։
«Նախ սրանով իր գաղափարներն ու մտքերը փոխանցում է Փաշինյանին. Այսինքն՝ Թուրքիայի նախագահը փորձում է ասել՝ «այս գիրքը պարունակում է իմ գաղափարներն ու ինքնությունը, և դուք պետք է դա լավ հասկանաք»։
Երկրորդ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվում են, ներկա գործընթացի շրջանակներում նման նվեր տալը հատուկ ուշադրության է արժանի։ «Գրքում կա նաև հենց այս հարցը։ Դեպքը կարելի է վերնագրել այսպես․ «Վատ աշակերտը, որը ստանում է լավ ուսուցչի գիրքը և դաս է քաղում: Թուրքիայի նախագահն այս գրքով կանոնները փոխանցում է հայ գործընկերոջը։ Երևանն արդեն պետք է հասկանա, թե ինչպես իրեն պահի տարածաշրջանում»։
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ասիֆ Նարիմանլին ասել է, որ Էրդողանը ավանդույթ ունի՝ նվիրաբերել իր գիրքն այն առաջնորդներին, որոնց հանդիպում է. «Սակայն այստեղ մեկ այլ նպատակ կարող էր լինել այն, որ Հայաստանի վարչապետը ձեռնունայն չվերադարձավ, որովհետև թեև Փաշինյանը Էրդողանին խնդրեց առանց «նախապայմանի» (առանց Ադրբեջանի) խթան հաղորդել հարաբերություններին, Անկարան կրկնեց Բաքվի պայմանը»։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները Փաշինյանի նկարը՝ Էրդողանի գիրքը ձեռքին, օրվա լուսանկար են համարել։
«Պակասում է միայն Էրդողանի պատկերով շապիկը, և կստացվեր Աննա Հակոբյանի ու Էնշտեյնի գրքի պատմությունը։ Հետեւաբար, Ադրբեջանը շուտով որոշ հիմնարար հարցեր կլուծի իր օգտին»: