04 Դեկ
2024
0.4° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցեղասպանական գործողություններում մեղադրվող Ադրբեջանն օգտագործում է COP29-ը՝ «խաղաղարարի» իմիջ ստեղծելու համար

Ցեղասպանական գործողություններում մեղադրվող Ադրբեջանն օգտագործում է COP29-ը՝ «խաղաղարարի» իմիջ ստեղծելու համար

Նոյեմբերին Ադրբեջանը հյուրընկալում է ՄԱԿ-ի կլիմայի հաջորդ գագաթնաժողովը՝ COP29-ը: Նրանց առաջարկած օրակարգում բացակայում են հանածո վառելանյութերի աստիճանական վերացման վերաբերյալ քննարկումները և բացառում քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Սա անակնկալ չէ։ Ադրբեջանը վերջերս ավելացրել է նավթի և գազի արդյունահանումը և նպատակ ունի դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը՝ ընդլայնելով հանքարդյունաբերությունը. գրել է The Conversation-ը։

Ադրբեջանը փորձում է դիրքավորել իրեն որպես խաղաղարար, ինչը, սակայն, կտրուկ հակադրվում է երկրի ռազմական ագրեսիայի, մարդու իրավունքների ոտնահարման և միջազգային իրավունքի խախտման արձանագրություններին և ցեղասպանության մեջ մեղադրանքներին: Ադրբեջանն օգտագործում է COP29-ը և՛ «կանաչելու», և՛ «խաղաղ լինելու» համաշխարհային իմիջ ստեղծելու համար, մինչդեռ իրականում երկիրը դեռևս ունի էքսպանսիոնիստական տարածքային նկրտումներ:

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վեցշաբաթյա պատերազմ է սկսել Արցախում, ինչի պատճառով ավելի քան 7000 մարդ է զոհվել:

2023 թվականին Ադրբեջանը կրկին ռազմական գործողություն է սկսել, ինչը ստիպել է ավելի քան 100,000 էթնիկ հայերի փախչել: Երկու միջազգային իրավաբաններ՝ Խուան Էռնեստո Մենդեսը և Լուիս Մորենո Օկամպոն եզրակացրել են, որ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի ռազմական արշավները Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն էին։

Մենդեսն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմավարությունը հայերին «մարմնական կամ հոգեկան լուրջ վնասներ» հասցնելն է։ Իսկ Օկամպոն ընդգծել է սովի կիրառումը, բժշկական օգնության մերժումը և հարկադիր տեղահանումը: Նա Ադրբեջանի մարտավարությունը համեմատել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության և նաև Հոլոքոստի հետ։

Հաղորդվում է, որ ադրբեջանական ուժերն Արցախյան հակամարտության ընթացքում սիստեմատիկ կերպով սեռական բռնություն են կիրառել հայերի նկատմամբ՝ տարածելով հայ կանանց բռնաբարությունն ու սպանությունը խրախուսող հաղորդագրություններ: Եվ իրավապաշտպան կազմակերպությունները նաև սարսափելի պատմություններ են ներկայացրել այն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների մասին, որոնց ենթարկվել են հարյուրավոր հայ պատանդներ։

Հակամարտության շատ տարրեր մնում են չլուծված։ Բայց խոսելով ռազմական թուլության դիրքերից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի մայիսին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել։ Չնայած զիջումներին, որոնց պատրաստ է ՀՀ-ն, Ադրբեջանը հրաժարվել է խաղաղ բանակցություններից: Փոխարենը ներկայացրել է մի շարք նոր պահանջներ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները։

Ադրբեջանը դեր է խաղում նաև հակամարտություններում: Ռուս-ադրբեջանական դաշինքը Ադրբեջանին դարձրել է ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցները խախտելու կարևոր խողովակ: Ադրբեջանը կախված է հանածո վառելիքի արդյունահանումից և չի պարտավորվել աստիճանաբար հրաժարվել նավթից ու գազից:
Ալիևը հետևողական է եղել իր հռետորաբանության մեջ, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը «ադրբեջանական քաղաք է»: Սա արտացոլում է պատմական ռևիզիոնիզմի և ցեղասպանության ժխտման ավելի ռազմավարությունը։ Այս տարածքային հավակնությունները հետաձգվում են, քանի դեռ տեղի է ունենում COP29-ը: Բայց կոնֆերանսը կարող է լինել Հարավային Կովկասում պատերազմի վերսկսման նախերգանքը։