20 Հոտ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում վերջին զարգացումները բացահայտեցին ավելին բարդ և հեղհեղուկ աշխարհաքաղաքական լանդշաֆտ․ ԱՄՆ Հելսինկյան համաժողովի նոր զեկույցը

Հարավային Կովկասում վերջին զարգացումները բացահայտեցին ավելին բարդ և հեղհեղուկ աշխարհաքաղաքական լանդշաֆտ․ ԱՄՆ Հելսինկյան համաժողովի նոր զեկույցը

ԱՄՆ Հելսինկյան համաժողովը հրապարակել է զեկույց՝ Ռուսաստանի հետ «երկարաժամկետ առճակատման» մասին։ Զեկույցում մի ամբողջ բաժին նվիրվել է նաև Հարավային Կովկասում ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերի բախմանը, փոփոխվող իրավիճակին և դրանից բխող հնարավորություններին ու վտանգներին։ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ներկայումս կանգնած է պատմության բեկումնային պահի առջև՝ հնարավորությունների և վտանգի եզրին։

Գտնվելով Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում՝ տարածաշրջանը երկար ժամանակ համարվել է ռազմավարական սահման։ Այսօր Հարավային Կովկասը բախվում է նոր և աննախադեպ մարտահրավերների, քանի որ Ռուսաստանը ձգտում է պահպանել իր վերահսկողությունը՝ չնայած Ուկրաինայում ընդլայնված ռազմական ճահճին։ Ռուսական ազդեցության թուլացումը նոր հնարավորություններ է տալիս տարածաշրջանային դերակատարներին և միջազգային շահագրգիռ կողմերին վերադասավորելու իրենց շահերը: Սակայն Մոսկվան վճռական է պահպանելու իր ազդեցությունը ինչպես բացահայտ, այնպես էլ քողարկված միջոցներով։

Ռուսաստանի ազդեցության նվազումը հատկապես ակնհայտ է Հայաստանում։ Դա հետևել է 2020 թ-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմին, որում Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հաղթանակեց, իսկ Հայաստանը գնալով հեռացավ Մոսկվայից՝ զգալով, որ այն լքել է իրեն հակամարտության ժամանակ՝ չկատարելով իր պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ որպես անվտանգության երաշխավոր:

Վերլուծությունները վկայում են Ռուսաստանի կողմից ադրբեջանական զինուժի աջակցության մասին, այդ թվում՝ Կրեմլի արբանյակի՝ Բելառուսի միջոցով Ադրբեջանին զենքի գաղտնի մատակարարումը։ Արդյունքում՝ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ազդարարել Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման ցանկության մասին։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանն ակտիվորեն հետամուտ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս քայլերն էական շեղում են Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական սերտ հարաբերություններից՝ մատնանշելով ռազմավարական առանցք, որը կարող է հեռահար հետևանքներ ունենալ տարածաշրջանի կայունության համար։

Բաքուն, իր հերթին, թեև սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, պահպանում է նաև «դաշնակցային» հարաբերություններ Ռուսաստանի հետ։ «2022 թ-ին՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումից մի քանի ժամ առաջ, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված դաշնակցաիյն պայմանագրով՝ Բաքուն, ասես, որոշում է ընդունել զիջել իր մնացորդային արևմտյան հենակետերը՝ դրա դիմաց ստանալով Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի նսեմացմանը և տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման համար», – նշվել է զեկույցում և ընդգծվել՝ զարմանալի չէ, որ Մոսկվան շարունակում է հաստատակամորեն պահպանել իր դիրքերը Հարավային Կովկասում դիվանագիտական, ռազմական և տնտեսական ռազմավարությունների համադրման միջոցով։ Հայաստանում ներքին դժգոհությունը և քաղաքական անկայունության խթանելու միջոցով Ռուսաստանը կարող է ձգտել գործող իշխանության ապակայունացման, քանի որ այն ընկալում է որպես չափից դուրս արևմտամետ։

Այս փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկայի լույսի ներքո Միացյալ Նահանգները պետք է վերագնահատի իր մոտեցումները Հարավային Կովկասում։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ քաղաքականությունը հիմնված է եղել համեմատաբար պարզ մոտեցման վրա։ Հայաստանը դիտվում էր որպես Ռուսաստանի հաստատակամ դաշնակիցը, Վրաստանը՝ որպես հավատարիմ արևմտամետ գործընկեր, և Ադրբեջանը՝ որպես բազմավեկտոր պետություն, որը հավասարակշռում է իր հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Սակայն վերջին զարգացումները փոփոխեցին այս ենթադրությունները՝ բացահայտելով ավելին բարդ և հեղհեղուկ աշխարհաքաղաքական լանդշաֆտ։ Հայաստանն, օրինակ, դարձել է պոտենցիալ ժողովրդավարական գործընկեր Միացյալ Նահանգնեի համար։ Սա եզակի հնարավորություն է Միացյալ Նահանգների համար՝ ամրապնդելու իր կապերը Հայաստանի հետ։ Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները և մարդու իրավունքների խախտումները հասկանալիորեն լարել են նրա հարաբերություններն Արևմուտքի հետ։

Հարավային Կովկասի ապագայի վրա ազդող առանցքային գործոններից մեկը Ուկրաինայում պատերազմի արդյունքն է։ Ուկրաինայի հաղթանակը զգալի հարված կլինի Ռուսաստանի կարողությանը պահպանել իր ազդեցությունը իր, այսպես կոչված, «մոտ արտասահմանում», ներառյալ՝ Հարավային Կովկասում:

Ուկրաինայի պատերազմն արդեն իսկ բացահայտեց ռուսական ռազմական հզորության սահմանները և խարխլեց Մոսկվայի վստահությունը՝ որպես իր դաշնակիցների անվտանգության երաշխավորի։

Քանի որ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, Արևմուտքի համար խաղալու ավելի շատ հնարավորությունններ են բացվում։ Բացի այդ՝ Միացյալ Նահանգները պետք է ավելի շատ, կայուն և էական դիվանագիտական կշիռ հաղորդի Հայաստանի ջանքերին՝ ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն, Ադրբեջանի հետ կայուն խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային մեկուսացման կրճատմանը և անվտանգության և տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացմանը:

Ադրբեջանի հարցում ԱՄՆ-ը պետք է հավասարակշռի դիվանագիտությունն ու ճնշումը՝ համատեղելով Բաքվի մարդու իրավունքների վիճակի քննադատությունը՝ համագործակցության խթանների հետ: Հավասարակշռված մոտեցումը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել ազդեցությունը Բաքվում՝ միաժամանակ խրախուսելով դրական փոփոխությունները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային կայունությանը: