24 Դեկ
2024
1.7° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել ադրբեջանցիներին և թուրքերին հաճոյանալ ցանկացող Փաշինյանին

Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել ադրբեջանցիներին և թուրքերին հաճոյանալ ցանկացող Փաշինյանին

Հայաստանի Սահմանադրական դատարանը փաստացի չեղյալ է համարել երկրի անկախության հռչակագիրը։ ՍԴ-ն որոշել է, որ փաստաթղթում պարունակվող, բայց Սահմանադրության մեջ ուղղակիորեն չնշված թեզերը իրավական ուժ չունեն, գրել է Известия-ն։

Այսպիսով՝ լեգիտիմ են համարվում անկախ, ժողովրդավարական, սոցիալական և իրավական հանրապետության կառուցման թեզերը, որոնք առկա են երկու հիմնարար փաստաթղթերում։ Շատ ավելին իրավական դաշտից դուրս է, այդ թվում՝ Արցախի հետ վերամիավորվելու և 1915թ. Ցեղասպանության ճանաչմանը հասնելու ցանկությունը, ինչն ուղղակիորեն նշված չէ Սահմանադրության մեջ:

Երևանում Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարել են, որ Ադրբեջանն այլևս հիմքեր չունի հայաստանյան օրենսդրության դեմ պահանջներ ներկայացնելու։

Հետաքրքիր է, որ Ադրբեջանում հայկական դատարանի որոշումը գրեթե չեն մեկնաբանել։ Պաշտոնյաները լիովին անտեսել են դատավճիռը սոցիալական ցանցերում, իսկ փորձագետները՝ հիշեցրել, որ Բաքուն պահանջել է վերաշարադրել օրենսդրությունը, այլ ոչ թե զբաղվել մեկնաբանություններով։ Անուղղակի արձագանք կարելի է համարել Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը նա արել է հոկտեմբերի 2-ին Բաքվում կայացած համաժողովում։ Ադրբեջանի ղեկավարը ոչ միայն չի մեղմացրել իր դիրքորոշումը, այլև՝ ընդհակառակը, նոր պահանջ է առաջ քաշել. Նրա խոսքով՝ հայկական կողմը, ի թիվս այլ բաների, պետք է պատասխանատվության ենթարկի ղարաբաղյան առաջին պատերազմի վետերաններին, ինչպես նաև խստորեն «դատապարտի գերեվարված և պատանդ վերցված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները»։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Սահմանադրությունը փոխել այնպես, որ այն «համապատասխանի փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին»։ Խնդիրը, սակայն, այն էր, որ հիմնական օրենքի առաջին հոդվածները կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով, իսկ դա ժամանակատար ու ծախսատար է։ Բացի այդ՝ քվեարկության արդյունքը դժվար է կանխատեսել։ Սոցհարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակիչներն իրականում չեն ցանկանում վերաշարադրել օրենսդրությունը՝ ադրբեջանցիներին և թուրքերին հաճոյանալու համար: