
ՆԱՏՕ-ն ցանկանում է խաղաղապահների անվան տակ կոնտինգենտը մտցնել Անդրկովկաս. ՌԴ ԱԴԾ
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան, ազդում են ԱՊՀ երկրների անվտանգության վրա վեց ուղղություններով, այդ թվում՝ ձգտելով ընդլայնել մարտական գոտին մինչև Բելառուս և Մոլդովա։ Այս մասին Աստանայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Բացի այդ, ըստ նրա՝ դա արտահայտվում է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորումը միտումնավոր ձգձգելով՝ Անդրկովկասում երկարաժամկետ անկայունության գործոն ստեղծելեւ նպատակով»։ Բորոտնիկովի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» կոնտինգենտը մտցնել Անդրկովկաս՝ իբր օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ՝ համոզելով Երևանին հետաձգել Բաքվի հետ բանակցությունները, Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը տարածաշրջանում` դե յուրե ՄԱԿ-ի էգիդայի ներքո, իսկ դե-ֆակտո ՆԱՏՕ-ի»,- զգուշացրել է նա։
«Նման «խաղաղապահության» հնարավոր բնույթն արդեն իսկ մատնանշում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ, այսպես կոչված, անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է ծավալում ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից ընդդեմ Ռուսաստանի և. մեր գործընկերների»,- ընդգծել է Բորտնիկովը։
Բացի այդ, նա նշել է, որ «զենքի արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանի կառավարությունը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կգցի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում։
«Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության ողջ նախկին փորձը՝ Անդրկովկասում դաշինքի ամրապնդումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը», – ընդգծել է ԱԴԾ ղեկավարը։