05 Հոտ
2024
21° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան ցանկանում է Հայաստանը պահել մեկուսացման մեջ և իր ազդեցության գոտում․ Թոմաս դե Վաալ

Մոսկվան ցանկանում է Հայաստանը պահել մեկուսացման մեջ և իր ազդեցության գոտում․ Թոմաս դե Վաալ

Բրիտանացի քաղաքագետ Թոմաս դե Վաալը «Բարդ հարց» հաղորդաշարին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի դժվարությունները և անդրադարձել Ադրբեջանի պահանջին՝ «ՀՀ Սահմանադրությունից բացառել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»։

Նրա կարծիքով՝ Սահմանադրության հարցը ծագել է մոտ վեց ամիս առաջ։ «Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար շատ դժվար է արագ փոփոխություններ իրականացնել։ Սա բարդ գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Ադրբեջանի ճնշման ներքո ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այդ փոփոխություններն իրականացնելն ինձ համար անիրատեսական է թվում։ Այդ իսկ պատճառով՝ գործընթացը մտել է փակուղի»,- նշել է դե Վաալը։

Նա ենթադրել է, որ խաղաղության գործընթացը կարող է նոր թափ ստանալ COP29-ի ժամանակ, որը շուտով կանցկացվի Բաքվում։ Միջազգային առաջնորդների նեկայությունն այնտեղ կարող է լուրջ դեր խաղալ առաջ շարժվելու համար: Բացի այդ՝ մինչ այդ պարզ կդառնա, թե ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը։ «Այդուամենայնիվ, Հայաստանի Սահմանադրության հետ կապված այս շատ լուրջ խնդրի լուծումը, կարծես թե, չի լինի»,- նշել է դե Վաալը։ Մեկնաբանելով որոշ արևմտյան վերլուծաբանների կարծիքը, թե Բաքուն ձեռնպահ է մնում խաղաղության համաձայնագրի ստորագրումից Մոսկվայի ճնշման տակ, որը ցանկանում է անընդհատ խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար և ապահովել, որ համաձայնագիրն առանց իր մասնակցության չկնքվի, դե Վաալը նշել է, որ կարելի է միայն գուշակել, թե ի՞նչ կարող էին պայմանավորվել Ալիևն ու Պուտինը օգոստոսին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, և արդյոք նրանք ընդհանրապես ինչ-որ բանի շուրջ պայմանավորվե՞լ են։ Բայց ընդհանուր պատկերը, նրա կարծիքով, այսպիսին է. Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա մեկուսացված, նրա սահմանները (Ադրբեջանի և Թուրքիայի հետ) փակ մնան, Ռուսաստանը պահպանի իր ռազմական ներկայությունը Հայաստանում, իսկ Հայաստանը լինի քիչ թե շատ հավատարիմ։ Հարցն այն է, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը՝ ավելի արևմտամետ Հայաստան, թե՞՝ ո՛չ։
«Ակնհայտ է, որ Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև այնպիսի կարգավորմամբ, որը կպահի Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտում»,- նշել է դե Վաալը։