«Հարևանի դաշնակիցը սիրուն է», կամ ինչպե՞ս հետաքրքրել դաշնակիցներին
Մեծ պատերազմի սկիզբը տրված է։ Իսրայելապաղեստինյան անվերջանալի
հակամարտությունը նոր թափ հավաքեց հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող
բնակավայրերի վրա պաղեստինյան դիմադրության շարժման «անակնկալ» հարձակումով։
Այս ֆոնին տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային բազմաթիվ դերակատարներ
շտապեցին դատապարտել կամ աջակցություն հայտնել այս կամ այն կողմին, սակայն հատկապես
տպավորիչ էր ԱՄՆ արձագանքը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի
հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ ռազմական աջակցություն տրամադրել։ Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարեց, որ USS Gerald
R. Ford ավիակիրը, հրթիռային հածանավը և չորս հրթիռային կործանիչներ շարժվում են դեպի
տարածաշրջան։
ԱՄՆ աջակցությունն Իսրայելին այսքանով չի ավարտվում, այն ունենալու
է շարունակական բնույթ, ինչը նույնիսկ պատերազմի ավարտի դեպքում չի դադարի։ Այս մասին
էլ անդադար հայտարարում են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները։
Վերնշյալ իրադարձությունները Գազայի ափերից շատ հեռու տեղակայված
մի փոքրիկ բայց «հպարտ» պետության «պրոֆեսիանալ» չինովնիկներին արդեն 3 օր է կանգնեցրել
է բարդագույն հարցերի առաջ, որի պատասխանները վերջիններս փորձում են գտնել փարիզներում,
բրյուսելներում, նույնիսկ գրանադաներում։
Այդ հարցերն են․
Իսրայելը գրավո՞ր, թե՞ բանավոր էր դիմել ԱՄՆ-ին
ԱՄՆ սենատը արտահերթ նիստ գումարե՞լ էր
Մոնիթորիգային խումբ ստեղծվե՞լ էր
Դելիմիտացիա-դեմարկացիա արվե՞լ էր
Ի՞նչ արագություն է զարգացնում USS Gerald R. Ford ավիակիրը
Դժվար չէ կանխատեսել «հպարտ դիվանագետների» եզրակացությունը վերոնշյալ
հարցերի առնչությամբ․ «Մեր դաշնակիցը վատն է, նրանցը՝ լավը»։ Դժվար է վիճել․
նրանց դաշնակիցն, իրոք, լավն է, գեղեցիկ ու ոճային, սակայն եթե փոքր-ինչ լարենք մեր
հիշողությունը, կգիտակցենք, որ մերն էլ վատիկը չի, հատկապես երբ խոսքը ղազախներին կամ
բելառուներին օգնելու մասին է։
Երևի նրանց մեջ ուրիշ քիմիա կա, ինչը հասու չէ մեր «լեռնեցիների
առնական ոգուն»։ Մերոնք սենտիմենտալ բաներ չեն սիրում․ սիրելս ո՞րն է,
իսկ ո՞ւր մնաց հին ու բարի «բաշիքյաթման»․ չէ՞ որ դեռևս 1997-ին որոշվեց, որ միասին
ենք։
«На дворе 21 век»,- ասում է մեզ դաշնակիցը՝ հավելելով, որ շատ
է ուզում վերականգնել հարաբերությունները, բայց արդեն նոր որակի պետության հետ։
Պետության, որը հետաքրքիր կլինի, ժամանակին համընթաց կշարժվի, կլինի
հասուն ու իր սխալների մեղավոր չի կարգի մյուսներին։ Կարևոր է նաև, որ վերջինս նոր
զգացողությունների փնտրտուքներում չհայտնվի հնագույն բորդելներում․
դե, գոնե խրախճանքներին չմասնակցի։ Վերջիվերջո ուզում է մի պետություն, որն իրենից
ինչ-որ բան կներկայացնի, ու որի համար արժի պատերազմ սկսել կամ ավարտել։
Այս ամենի մեջ մի լուսավոր բան կա, այնուամենայնիվ։ Մեր տեսակի
պետությունները դաշնակիցներ չեն ընտրում, ու դա լավ է, քանի որ որպես կանոն մենք ընտրում
ենք ոչ թե ուղեղով, այլ․․․
Վազգեն Բադալյան