20 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բեյրութում իսրայելական հարվածներից 22 մարդ է զոհվել

Բեյրութում իսրայելական հարվածներից 22 մարդ է զոհվել

Լիբանանի մայրաքաղաքին գիշերը Իսրայելի հասցրած հարվածներից 22 մարդ է զոհվել, 117 մարդ՝ վիրավորվել․ այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Իր հերթին CNN-ը, վկայակոչելով «Հեզբոլլահ»-ի աղբյուրին, նշում է, որ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վաֆիկ Սաֆան ողջ է մնացել։ Ըստ «Հեզբոլլահ»-ի աղբյուրի և իսրայելական լրատվամիջոցների՝ Սաֆան եղել է Բեյրութի ուղղությամբ իսրայելական հարվածների թիրախը։ Նա շարժման քաղաքական թևի պաշտոնյաներից է և ղեկավարում է շարժման կապի բաժանմունքը, կառավարում խմբավորման ներքին և միջազգային հարցերը։

Իսրայելը պաշտոնապես չի անդրադարձել այս հարձակմանը։

Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 23:00-ի դրությամբ, 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահ»-ը շուրջ 190 արկ է արձակել Իսրայելի վրա։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները և նպատակ ունի անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ 2023 թ. սեպտեմբերից իսրայելական հարվածներից Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2100-ը, վիրավորների թիվը՝ 10 100-ը։ Իսկ սեպտեմբերի 23-ից Լիբանանում զոհվել է ավելի քան 1320 մարդ, վիրավորվել՝ շուրջ 3700-ը։ Վերջին շաբաթներին ավելի քան 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։